Հիմնադիր խորհրդարանի անդամներ, ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած «Սասնա Ծռեր» խմբավորման պարագլուխներ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իրենց պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել են, որ նոր կուսակցություն են ստեղծում` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
 
Այս համատեքստում ուշագրավ է, որ «Սասնա Ծռերի» ղեկավարների կողմից վերջին օրերին հնչեցրած մի շարք հայտարարություններ ոչ բացատրվեցին, ոչ հերքվեցին, ոչ էլ վերախմբագրվեցին; Խոսքը, մասնավորապես, «հին սրիկաներին փոխարինած նոր սրիկաների» մասին է, և այն պնդման, որ զինված պայքարի էջը չի կարելի համարել փակված: Իսկ այժմ պատկերացրեք իրականությունից ոչ այնքան հեռու մի իրավիճակ, երբ «Ծռերը», մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չեն հավաքում այնքան քվե, որն, ըստ իրենց, բավարար կլիներ սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու համար: Այդ դեպքում ստացվում է, որ կրակոցների համար կարող են ընտրվել նոր թիրախներ, քանի որ զինված պայքարը շարունակում է մնալ օրակարգային և արդիական: Հետևաբար, «Ծռերի» անհաջողությունը ընտրություններում՝ կարող է դառնալ նոր զինված պայքարի կատալիզատոր: Նման երևույթները կանխելու համար Փաշինյանը կունենա գործիքակազմ, առաջին հերթին դա արդար և թափանցիկ ընտրություններն են և դրանց արդյունքում ձևավորվելիք լեգիտիմ իշխանությունը:
 
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ այս նոր քաղաքական ուժի ձևավորումն ի վերջո ուրվագծում է Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա այդ եզրահանգմանը հարկավոր է վերաբերվել որոշակի վերապահմամբ: ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին «Ծռերը» մերժեցին Փաշինյանի հետ նույն ճանապարհով գնալու՝ ասել է թե՝ համատեղ պայքարելու ծրագիրը: Այսինքն, ակնհայտ է, որ Փաշինյանը և «Ծռերը» ներկայացնում են գաղափարական տարբեր բևեռներ: Մյուս կողմից՝ անգամ եթե «Ծռերը» չներկայացնեին այս քաղաքական հայտը, Փաշինյանին, ընդդիմություն, ինչպես ասում են՝ կգտնվի: Այն կգտնվի այսպես թե այնպես, որքան էլ ռացիոնալիզմը վեր դասվի հետհեղափոխական էյֆորիայից, այնքան ավելի հավանական կդառնա նոր քաղաքական ուժերի, միավորումների ի հայտ գալը, այնքան նման միավորումները ավելի պահանջված կլինեն և հասարակությանը կառաջարկեն նոր գաղափարներ, նոր դեմքեր, ոչ թե հին քաղաքական դասական ճշմարտությունները՝ նոր ու գեղեցիկ փաթեթավորմամբ:
 
Իրականում, Հայաստանի քաղաքական դաշտն այն աստիճան վակուումային է, որ հանրությունը լրջորեն քննարկում է ասենք՝ Խաչիկ Ասրյանի կամ Անդրիաս Ղուկասյանի ստեղծած քաղաքական ուժերը, համեմատում հնարավորությունները, կամ «Սասնա Ծռերի» քաղաքական հայտը՝ չգիտակցելով, որ առավել ևս ստեղծված նոր իրավիճակում, նոր Հայաստանում՝ այս մարդիկ, այս գաղափարներն իրենց սպառել են: Նրանք պարզապես չեն կարող թարմություն մտցնել քաղաքական դաշտում ո՛չ գաղափարական, ո՛չ ինստիտուցիոնալ մակարդակում: