Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլիխոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր՝ ամբողջ ծավալով պարտականությունների կատարմանը»,- ասել է նա:

 

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հուլիսի 28-ին Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: