«Հեղափոխության շունչը, այսպես ասած, սիրո և համերաշխության մթնոլորտը մտցրել եմ համակարգ, գաղջ մթնոլորտ մեր համակարգում չի տիրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը:
Մեր զրուցակիցը նկատում է, որ իր խնդիրը սկանդալ դաշտ բերելը չէ, իր խնդիրը առաջին հերթին անվտանգ սնունդ ապահովելն է, անվտանգ արտահանում և ներմուծումն է: «Ես սկանդալի կամ շոուների համար չեմ եկել այստեղ ու չեմ փորձելու անել նման բաներ: Ասեմ նաև, որ այս ընթացքում կարող էին լինել ինչ որ սկանդալային բացահայտումներ, սակայն դրանց լուծումը տրվեց և չհրապարակվեց, որովհետև գործելավոճի խնդիր կա»:
Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ նաև օլիգարխների բիզնեսները ստուգելու հարցին. «Պետք է լիներ ստուգում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում, սակայն պարզվեց, որ ՊԵԿ-ն այնտեղ ստուգումներ է իրականացնում: Ըստ Ստուգումների մասին օրենքի՝ երկու պետական մարմին իրավունք չունեն միևնույն ժամանակ ստուգում իրականացնելու: ՊԵԿ-ի ստուգումները կավարտվեն, մենք կմտնենք «Երևան Սիթի»՝ ստուգումներ իրականացնելու»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Մեր թղթակցի հարցին, թե այլ ստուգումներ որտեղ են նախատեսվում, ՍԱՊԾ պետը պատասխանեց.
«Այս պահին, այս տարվա պլանով նախատեսված է միայն դա»: