Այսուհետ ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքներն ունեն հնարավորություն ձեռք բերելու որակյալ կահույք, կենցաղային իրեր և շինանյութ մատչելի գներով, ինչպես նաև մասնակցելու ատաղձագործության, բնակարային պայմանների բարելավման և էներգախնայողության անվճար դասընթացներին։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (հասցեն՝ Սեբաստիա 90/1) իր դռներն է բացել «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը, որն իրականացնելու է նշված գործառույթները։ Կենտրոնը գործում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
«Ես հուսով եմ, որ սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը կզարգանա Հայաստանում, որովհետև այն նոր աշխատատեղերի, նախաձեռնությունների մասին է, բայց ոչ հսկայական շահույթների։ Ես տպավորված եմ այս կահույքի վաճառասրահով, իր ճաշակով և չափսերով։ Շատ շնորհակալ եմ Հաբիթաթ Արմենիայից, շնորհակալ եմ ծրագրում բոլոր ներգրավվածներից և մաղթում եմ հաջողություն»,—Ինչպես տեղեկացրին «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի մարքեթինգի և հաղորդակցության բաժնից, ողջույնի իր խոսքում նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Նորոգի» ռեսուրսային կենտրոնում վաճառվող կահույքն ու կենցաղային իրերը գոյանում են անհատների և ձեռնարկությունների նվիրատվություններից։
Ընդունելով նոր կամ խնամքով օգտագործված կահույք, կենցաղային իրեր և շինանյութ որպես նվիրատվություն՝ կենտրոնը կարողանում է դրանք վաճառել շուկայականից էապես մատչելի գներով։ «Շնորհավորում եմ բոլորիս կենտրոնի բացման կապակցությամբ։ Հայաստանում պետք է լիներ ռեսուրսային կենտրոն, որը կառաջարկեր մատչելի լուծումներ բնակարանային պայմանների բարելավման հարցում, և դա այլևս իրականություն է: Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում ապրանք նվիրաբերողներին, որովհետև իրենց շնորհիվ է, որ մենք հաջողություններ կգրանցենք և բիզնեսն առաջ կգնա։ Շնորհակալություն եմ հայտնում կամավորներին, մեր գործընկերներին, աջակցողներին և, իհարկե, Հաբիթաթ Արմենիայի անձնակազմին»,—իր ողջույնի և շնորհակալական խոսքում ասաց Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը։
«Նորոգի» ռեսուրսային կենտրոնի աշխատանքներում ներգրավված են նաև կամավորներ Հայաստանից և արտերկրից, ովքեր աջակցում են կենտրոնին գործունեության բոլոր հատվածներում։ «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը բաց է երեքշաբթիից կիրակի օրերին, 10։00-19։00 ախշխատանքային ժամերին։