Հանրապետության հրապարակում երեկ կայացած հանրահավաքը թեև մարդաշատ էր, սակայն անչափ սակավ էր հարթակին ներկայացած քաղաքական ուժերի ներկապնակի առումով: Ընդ որում, շեշտը ի սկզբանե դրվում էր այն բանի վրա, որ ամսի 17-ին ամփոփվելու են Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա արդյունքները, այնուամենայնիվ, Փաշինյանn իր ելույթում, որպես աշխատանքի արդյունավետության վկայություն, բերում էր թվեր, ցուցանիշներ, որոնց հաջողվել է հասնել կառավարության կոլեգիալ աշխատանքի արդյունքում: Մինչդեռ կառավարությունից Փաշինյանի կողքին էին միայն իր թիմակիցները՝ ՔՊ-ական նախարարները և պատգամավորները, այն էլ՝ շարքային քաղաքացիների կարգավիճակով: Բացակաների շարքում էր նաև ԲՀԿ-ական փոխվարչապետը՝ ինչը չէր կարող վրիպել հանրության ուշադրությունից: Անգամ, եթե ինչպես Փաշինյանն էր պնդում՝ Հայաստանում չկա կոալիցիա և առկա է ընդամենը ազգային համաձայնության կառավարություն՝ կառավարության մի մասի հրապարակ չգալը ինքնին խոսում է համաձայնության բացակայության մասին:

Կառավարության ձևավորման առաջին իսկ օրերին բազմաթիվ էին հավաստիացումները, որ կառավարության գործունեության համար դրա մաս կազմած բոլոր ուժերը հավասարաչափ պատասխանատվություն են կրում: Սակայն այդ օրից երկրում ինչպես ասում են՝ քաղաքական իրավիճակ է փոխվել: Մասնավորապես, հայտնվել է այն կենտրոնը, որի շուրջ հնարավոր է դառնում նախկին համակարգի համախմբումը և ռեաբիլիտացիան: Այդ կենտրոնը իհարկե Ռոբերտ Քոչարյանն է, ում հետ համագործակցությունը չի բացառել Փաշինյանի համաձայնության կառավարության գործընկեր՝ ՀՅԴ-ն:

 

ՀՀԿ-ն իր քաղաքական համակրանքի հարցում էլ ավելի բացահայտ է արտահայտվել, այն աստիճան բացահայտ, որ որոշ վերլուծաբաններ նույնիսկ պնդեցին, թե ՀՀԿ-ն կարող է զոհաբերել անփոխարինելի թվացող Սերժ Սարգսյանին և համախմբվել հենց Քոչարյանի շուրջ: Քոչարյանի վերաբերյալ չի արտահայտվել միայն ԲՀԿ-ն, սակայն այդ փաստը իհարկե չես անվանի լոյալություն ազգային համաձայնության կառավարությանը: ԲՀԿ բացակայությունը կառավարության աշխատանքի 100 օրվա ամփոփմանը ևս կարելի է դիտարկել՝ կառավարության կազմաքանդման նշան:

Այլ հարց է՝ Փաշինյանն է փորձել արհեստականորեն սահմանափակել այս ուժերի պատասխանատվության աստիճանը, այդպիսով նրանց զրկելով մանևրելու հնարավորությունից, թե՞ այդ ուժերի բացակայությունը յուրօրինակ բոյկոտ է և ուղերձ ՝ մենակ մնալուց չվախեցող Փաշինյանին: Ինքը՝ վարչապետը, բազմիցս է հայտարարել, որ իր միակ հենարանը ժողովուրդն է, և որ ինքը որևէ բանով պարտական չէ իրենց քվեարկությամբ ժողովրդի ընտրությունը լեգիտիմ դարձրած քաղաքական ուժերին. Եթե հիշում եք, նման հայտարարություն Փաշինյանը արել էր դեռևս մայիսին՝ խորհրդարանում: Օրեր առաջ Տավուշի մարզում էլ վարչապետը ակնարկել է, որ իրենք որևէ մեկին կոալիցիա ուժով չեն բերել և որ քաղաքական ուժերը ազատ են իրենց ընտրության մեջ.

 

Սա, իհարկե, ուղերձ էր առաջին հերթին ՀՅԴ-ին և նշանակում էր, որ ցանկության դեպքում Դաշնակցությունը հենց վաղը կարող է լքել կառավարությունը և դա Փաշինյանի համար անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ չի առաջացնի: Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին: Փաստորեն, նա կոչ է անում կոալիցիոն գործընկերներին՝ կողմնորոշվել եւ կրել ընտրության պատասխանատվություն, որը «վրա կհասնի ճիշտ պահին»:

Իրականում քաղաքական դաշտում միայնակ մնալուն Փաշինյանը կարողանալու է հակադրել միայն ժողովրդի ուժը և հենց դա է լինելու հնարավոր հակահեղափոխությունը կանխող գլխավոր գործոնը: Երեկվա հանրահավաքի բազմամարդությունը Փաշինյանը օգտագործելու է իբրև քարտ-բլանշ՝ տրված հենց իրեն և իր քաղաքական ուժին. Չի բացառվում նաև, որ առջևում հարուցվեն քրեական գործեր կոալիցիոն կուսակցությունների որոշ գործիչների նկատմամբ: Միակ հարցը այն է՝ կգնա՞ այդ քայլին Փաշինյանը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, թե՞ կսպասի հեղափոխության հաղթանակի վերջնական ինստիտուցիոնալիզացիային…

 

Ստելլա Խաչատրյան