Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ նոր մանրամասներ է հայտնել.

«Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձինք:

 

Գոռ Մ.-ն եւ հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հ. Ռիժենկոն եւ դեռեւս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:

Հ. Ռիժենկոն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը  հայտնեց, որ Արման Մկրտումյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք. «Ծանրության աստիճանը և բնույթը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա հոսպիտալացված չէ»,-ասաց նա:

 

Նա նշեց՝ այս պահին վարույթ իրականացնող մարմինը հոսպիտալացված անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, լինելու դեպքում՝ հավելյալ կտեղեկացնեն:

Նշենք, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։