Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից: Նրանք հայտարարության մեջ որպես դուրս գալու պատճառ նշել են խոսքի և գործի անհամապատասխանությունը։
Կուսակցությունից դուրս եկած անդամներից մեկը Մարինա Խաչատրյանն է, որը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում չհստակեցրեց, թե կոնկրետ պատճառը որն է կուսակցությունից դուրս գալու։
«Քանի որ միայն ես չեմ դուրս եկել, դուրս ենք եկել մի քանի հոգով՝ դա մեր բոլորի կարծիքն է, մեր բոլորի մոտեցումն է։ Հավատարմությունը մեր պատկերացրած մոտեցումներին, մեր պատկարեցրած սկզբունքներին, ժողովրդավարական սկզբունքներին, մեր գաղափարախոսությունների տարբերությունը․ սրանք են եղել պատճառները մեր որոշումը կայացնելու համար»,-ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր կուսակցության ներսում խնդիրները շտկել կամ համաձայնության գալ, Խաչատրյանը պատասխանեց․
«Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում, ինչ-որ խոսակցությունների վրա ժամանակ վատնելը ճիշտ չէ։ Յուրաքանչյուրս մեր մասնագիտությունը և կյանքն ունենք։ Անհրաժեշտ է ժամանակը ռացիոնալ օգատգործել։ Ընթացքում եղել են խոսակցություններ․ ես չեմ կարող ժխտել։ Ես և՛ հարգում եմ, և՛ ընդունում «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին։ Այնպես որ, այստեղ չկան անձնական տարաձայնություններ, այստեղ խոսքը, լիովին, սկզբունքների մասին է։ Տարբերություններ կան, որոնք ժամանակի ընթացքում են ի հայտ եկել»։
Անդրադառնալով նրա և կուսակցությունից դուրս եկած մյուս անդամների առաջիկա քայլերին՝ Խաչատրյանը նշեց, որ դեռ որոշում չեն կայացրել և պատրաստվում են թիմային որոշել։
Իսկ այլ քաղաքական ուժերին սատարելու հետ կապված, նա նկատեց, որ այս պահին քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքակն ուժ, որի սկզբունքները կհամապատասխանեն իրենց սկզբունքներին, և որ իրենք պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը և սկզբունքները։
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից:
«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի եւ գործի անհամապատասխանությունը։
Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին եւ լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք՝
Մարինա Խաչատրյան
Խաչատուր Շահբազյան
Կոնստանտին Ղարիբյան
Աստղիկ Պետրոսյան