Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ վերջինս մի քանի օր բացակայելու է երկրից: Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացնում տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների հետ, եւ Հայաստան վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձեւավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, վերջին մի քանի օրերի ընթացքում Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները ավելի շատ արտաքին ազդակ էին պարունակում, քան ներքին: Այսպես՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Քոչարյանին հաջողվեց ստանալ երկու աշխարհաքաղաքական բոնուս.

Առաջինը ՝ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել էր Քոչարյանի ծնունդը, եւ այդ տեղեկությունը տեղադրվել էր Կրեմլի կայքում: Տեղեկությունն այդքանն էր, իսկ հետո ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել էր, որ Պուտինն ու Քոչարյանը տարիների լավ հարաբերություն ունեն, եւ Հայաստանի զարգացումները ազդեցություն չունեն այդ հարաբերության վրա: Պուտինի շնորհավորանքը Հայաստանում ոչ շատ բուռն, նրբորեն մատուցվում է որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը ծանրացնող, կշիռ հաղորդող մի ուժ, գրեթե հաջողության «դատապարտվածության» նման: Ինչ խոսք՝ դա, իհարկե, բաց քաղաքական մեսիջ էր Կրեմլի կողմից, միևնույն ժամանակ, այդ քայլը նաև  Մոսկվայի ցուցադրական դեմարշն էր Հայաստանի նոր ղեկավարության դեմ:

Պուտինի շնորհավորանքը, սակայն, Քոչարյանի՝ այդ օրը ստացած միակ քաղաքական դիվիդենտը չէր: Ինչպես գիտենք՝ Հայաստանում էր գտնվում ինստագրամի և պոկերի արքա, ամերիկահայ միլիոնատեր՝ Դեն Բիլզերյանը, ով ժամանել էր պատմական հայրենիք հենց Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հրավերով: Այդ հանգամանքը բավական լայն արծարծվեց թե տեղական, թե արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Լևոն Քոչարյանի հետ զբոսանքի, համատեղ խնջույքների, ինչպես նաև Արցախ կատարած համատեղ այցելության ֆոնին ուշագրավ էր նաև համացանցում տարածված մեկ այլ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և Բիլզերյանի համատեղ լուսանկարը: Այսպիսով, փորձ էր արվում որոշակի զուգահեռներ անցկացնել առ այն, որ Քոչարյանի հյուրը  սպասված  հյուր է նաև ԱՄՆ նախագահի համար և հանդիսանում է նրա բավական նեղ շրջապատի ներկայացուցիչ, ով ունակ է ցանկացած պահի մտնել Թրամփի աշխատասենյակ և ինչ-ինչ «հարցեր լուծել»: Սա բավական լավ փաթեթավորված մեսիջ էր, որի նպատակն էր ցույց տալ, որ Քոչարյանի թիկունքը ապահովված է նաև Արևմուտքի կողմից:

Այսպիսով, մեկ օրվա ընթացքում Քոչարյանը ստացավ երկու կարևոր աշխարհաղաքական բոնուս: Մեկը ուղղակիորեն ստացվեց Կրեմլից, մյուսը՝ անչափ հաջող կերպով փաթեթավորվեց և հանրությանը ներկայացվեց հենց Քոչարյանի ընտանիքի կողմից: