Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- նշեց Վանեցյանը:
Սակայն հարցը այստեղ իրավական հարթության մեջ է: Որքանո՞վ կարող է ԱԱԾ պետի պաշտոնը համատեղելի լինել ՀՖՖ նախագահի պաշտոնի հետ՝ օրենքի տեսանկյունից: ԱԱԾ մասին ՀՀ օրենքի և ՀՖՖ կանոնադրության պարզ համադրումը որոշակի հարցեր է առաջացնում: Այսպես օրինակ՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին»ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
Միևնույն ժամանակ, համաձայն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կանոնադրության 2-րդ բաժնի՝ ՀՖՖ-ն ստեղծվում է հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլ խաղի զարգացմանը նպաստող ցանկացած այլ ոչ առևտրային կազմակերպությունների կամավոր միավորումից` իր անդամ կազմակերպությունների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև իրենց ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով։ Ի դեպ՝ ՀՖՖ իրավաբանական անձանց միությունը ենթակա է վերակազմակերպման և պետք է ընդունի նոր կանոնադրություն: ՀՖՖ-ն վերակազմակերպվելու է հասարակական կազմակերպության, իսկ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Հետևաբար, անկախ վերակազմակերպումից և կանոնադրության փոփոխությունից, ՀՖՖ-ն հանդիսանալու է հասարակական միավորում:
Եվս մեկ դիտարկում՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին: «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կանոնադրության 4-րդ բաժնի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ՀՖՖ-ն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություններ կամ դառնալ դրանց մասնակից, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած եղանակով ձեռք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, ինչպես նաև տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք՝ առկա է որոշակի անհամապատասխանություն վերը նշված օրենքների և կետերի միջև: Հետևաբար, հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է արդյոք Վանեցյանը համատեղել այս երկու կարևոր պաշտոնները: