Նախկին ԲՀԿ-ական, այնուհետև ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված Արագած Ախոյանը հիմա էլ միացել է «Ալյանս» կուսակցությանը՝ մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին և  ակտիվ գործունեությամբ պատրաստվում է «ժողովրդի մատից փուշ հանել»:

Նախ նշենք, որ Արագած Ախոյանը 2015թ. թվականի հայտնի դեպքերից հետո լքեց ԲՀԿ-ի շարքերը, այնուհետև 2017թ. ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվեց խորհրդարանական ընտրություններին:

Չնայած այս տեղափոխություններին, Ախոյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ «Ալյանս»-ը լինելու է վերջին կուսակցությունը, որին կանդամակցի. «Որոշումս արդեն կայացված է: Այլ կուսակցությունում ես ինձ այլևս չեմ պատկերացնում»,-ասաց Արագած Ախոյանը:

«Ժողովրդի մատից  փուշ հանելու» պրոցեսը Ախոյանը կսկսի մշակույթի ոլորտից, այնուհետև կանդրադառնա նաեւ մյուս ոլորտներին: Իսկ ավելի առարկայական Արագած Ախոյանը չխոսեց, պատճառաբանելով, որ դեռ ծրագիր պետք է ներկայացնեն:

Այն հարցին, թե կուսակցություններն այդքան հաճախ փոխելու նպատակը ո՞րն է և հնարավո՞ր է՝ հետագայում կրկին վերադառնա ԲՀԿ կամ ՀՀԿ, Արագած Ախոյանը պատասխանեց. «Ես ԲՀԿ-ի հետ ձեռք եմ սեղմել և դուրս եկել իրենց շարքից, իսկ ՀՀԿ-ի շարքում մի րոպե անգամ չեմ եղել, պարզապես նախորդ տարի մի տեղով պետք է մասնակցեի ընտրությանը և ՀՀԿ-ից առաջարկ ստացա ու ռեյտինգայինով մասնակցեցի»:

Հիշեցնենք, որ «Ալյանս» կուսակցության հիմնադիրը ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի նախկին պատասխանատու Տիգրան Ուրիխանյանն է:

Արմինե Միքայելյան