«Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2016-2018 թթ. արած խախտումների համար պետբյուջե է վերադարձնելու նախնական հաշվարկներով շուրջ 210 մլն դրամ:

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2014-2015 և 2016-2018 թ. ընթացքում երկու տնօրեն է ունեցել: 2016-2018 թթ. բոլոր խախտումների համար պետբյուջե են վերադարձնելու 210 մլն դրամ: 2014-15 թթ. համար դեռևս որևէ նորություն չունենք»,-նշեց Սանասարյանը:

ՊՎԾ պետի խոսքով' իրենք «Լուսանշան» ՊՈԱԿ-ում գործողություններն արագ են իրականացրել, որպեսզի հետքերը չվերանան:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը ոստիկանության ենթակայության տակ էր ու լուծարման գործընթացի մեջ էր գտնվում: Այստեղ արագ արեցինք մեր գործողությունները, որպեսզի հասցնենք. հետքերը շատ չվերանան»,- նշեց նա:

Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել նաև «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատանքներն այժմ իրականացնող «Ուկրինվեստ» մասնավոր ընկերությունում:

«5 փողոց ենք ընտրել, որոնցից 3-ում ոչինչ արված չէր, բայց ՃՈ աշխատակիցները չարված գործը որպես արված էին ստորագրել: Այս բոլոր խախտումները վերականգնվել են: Ինքներդ տեսնում եք, որ Երևանի փողոցներն ավելի լավ են գծանշված, քան նախկինում: Այս ամենը նաև մեր գործունեության արդյունքն է:

Սանասարյանի խոսքով' կազմակերպությունը խախտումներ են կատարվել նաև թավշյա հեղափոխությունից հետո:

«Մինչև հունիս ամիսը նախնական 30-35 մլն դրամ է կազմել խախտումների գումարը: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2018 թ.: Հեղափոխությունից հետո նույնպես խախտումներ են արվել:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ այժմ ամփոփվում են կազմակերպության հուլիս ամսին կատարած աշխատանքները: