Այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված հարցերից էր երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր զեկույցում նշեց, որ ըստ վիճակագրական տվյալների, նվազել է երկրորդ երեխայի ծնունդների քանակը և եթե նախկինում երկրորդ երեխայի համար վճարվել է 50 հազար դրամ միանվագ նպաստ, ապա օրենքի նախագծի ընդունումից հետո՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից, այն եռապատկվելու է ՝ այսինքն՝ դառնալու է 150 հազար դրամ։
«Երկրորդ երեխայի ծնունդը, իրականում, ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, և այս պահին մեր երկրում իրավիճակը բարվոք չէ, և տենդենցը ցույց է տալիս, որ մտահոգվելու կարիք կա»,-ասաց Թանդիլյանը՝ կոչ անելով հայ ընտանիքներին՝ երկրորդ երեխայի ծնունդին մոտենալ պատասխանատվորեն ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ ՊՆ Դավիթ Տոնայոնին՝ կատակով հարց ուղղեց․
«Պարո՛ն Տոնոյան, ուզում էիք ասել՝ տղա երեխաների համար պատասխանատու մոտանան, և հատկապես շուտ 18 տարեկա՞ն դառնան»։
«Ես կողմնակից եմ՝ ավելի շատ ուշադրություն դարձնենք հատկապես երրորդին ու չորրորդին», - ասաց նախարարը։
Վարչապետը դարձյալ կատակեց. «Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա, առանց երկրորդի՝ հնարավոր չէ միանգամից երրորդն ու չորրորդն ունենալ, եթե ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տա»:
Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց ներկայացված նախագծի ընդունումը հետաձգել և հաջորդ շաբաթվա ընթացքում ներկայացնել լրամշակված նախագիծը:
Երկրորդ երեխայի' մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով: