Մենք պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն իրենց ընտրությունները կատարեն ազատ և անկաշկանդ, դրա համար մի շարք բարեփոխումներ են իրականացվում՝ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ օրենսդրական: Այս մասին այսօր ԱԺ-ում ընտրական իրավախախտումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ դիտողություն արեց՝ նշելով, որ զեկույցի ընթացքում որևէ հիմնավորում չլսեց, թե ինչ է տալու նախագիծը.
«Եթե բերում եք ռադիկալ քրեականացման օրենսդրական նախաձեռնություն, նշանակում է, որ պետք է ներկա իրավիճակը ներկայացնեիք: Ես մի բառ չլսեցի ձեզնից, թե այս օրենսդրական նախաձեռնությունը, որ բերվում է, ի՞նչ է տալու մեզ: Մենք տարիներ շարունակ լսել ենք խախտումների մասին, բայց դուք պետք է եղած վիճակի ռիսկերը ներկայացնեիք. ասեք՝ սա վերջին 5 կամ 10 տարում էր, որտեղի՞ց ենք եկել հասել այս վիճակին, արդյո՞ք դա բնականոն և օբյեկտիվ է, որ եկել ենք, թե՝ ոչ: Այստեղ կարծիքներ հնչեցին, որ քաղաքականն ու իրավականը հակադրվում է, միգուցե այդտեղ ինչ-որ օբյեկտիվ մեսիջնե՞ր կան: Բայց ո՞րն է կարևոր: Որ այս օրենքի նախագիծը չունենանք կամ եղածը թողնենք՝ լավ երկիր կունենա՞նք, թե՞ կմնանք նույնը: Ես կցանկանայի լսել՝ քանի՞ մարդ է դատվել ընտրակեղծարարության համար, արդյո՞ք դա իր արդյունքը տվել է»,- ասաց Մելքումյանը՝ հարց ուղղելով Արդարադատության փոխնախարարին՝ արդյոք պատրա՞ստ են փոփոխություններ անելու, որ հակասությունները անցնեն և իրենք կողմ քվեարկեն նախագծին:
«Այո՛, մենք պատրաստ ենք որոշակի փոփոխություններ անել: Այս նախագիծը կարծր փաստաթուղթ չէ, ընդհակառակը, բոլորիս շահերից է ելնում, որ ունենանք օրենք, որն արդյունավետորեն կծառայի մեր երկրին, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան իրենց ընտրությունը կատարել ազատ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը: