Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:

Ջոզեֆ Դոլը, մասնավորապես, գրել է.

 

«Չնայած Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելյան հարեւանությունում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը եւ օրենսդիր մարմնի անկախ լինելը:

Քաղաքացիական դրսեւորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն  խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»: 

Մինչ այդ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Facebook-ի իր էջում գրել էր. «Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Ժոզեֆ Դոլի հետ: Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

 

Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման կարեւորությունը, ընդգծել՝ Արեւելյան գործընկերության շրջանակում խորհրդարանական դիվանագիտության դերը»: