Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դադիբեկյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց 50 մլն դրամ գումար գրավով։
«Այս գործով ընդհանրապես կալանք չպետք է կիրառվեր, բայց հաշվի առնելով այս քրգործը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունը և որոշակի այլ պրոցեսներ՝ գտնում եմ, որ դատարանն այստեղ գոնե վերականգնեց արդարությունը»,- այս մասին լրագրողներին ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը նկատեց, որ այսօրվա դատական նիստում կայացրած որոշման վրա ազդել է նախորդ դատական նիստում տեղի ունեցած պրոցեսները։
«Շատ ուրախ եմ, որ դատարանը հետ կանգնեց այն մոտեցումներից, որն ի սկզբանե կար դատարանում։ Լավ է, որ անձը ազատության մեջ է, բայց եկեք հաշվի առնենք, որ կալանքը մնում է որպես խափանման միջոց»,-ասաց պաշտպանը։
Սարգսյանը նաև նշեց, որ ընտրված գրավի չափը բավականին բարձր է, քանի որ, սովորաբար, 5 մլն դրամ է սահմանվում։ Նա նաև նշեց, որ իրեն Հայկ Սարգսյանի ընկերները մինչև դատական նիստն ասել են, որ պատրաստ են դատարանի կողմից սահմանվող գրավի չափն իրենք վճարել։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպան Սարգսյանը միջնորդել էր, որ քրեական գործում առկա փաստաթղթերի հավաստիությունը դատարանը ստուգի։