Հայաստանի նոր իշխանությունները կառավարման առաջին օրերից հայտարարել են, որ երկիրը հայամետ քաղաքականություն է վարելու արտաքին դաշտում։ Բայց երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին վեճերը մինչև հիմա չեն դադարում։ Չէ՞ որ չի հաջողվել հասնել գործընկերների վստահությանը, և ամենից շատ դա արտացոլվում է հայ–ռուսական հարաբերություններում։ Չնայած Ռուսաստանի հետ մտերիմ ընկերության և համագործակցության հավատարմության մասին Հայաստանի նոր իշխանությունների հավաստիացումներին` վերջին ավելի քան երեք ամիսների ընթացքում այդ երկրի հետ հարաբերությունները (մեր ռազմավարական դաշնակցի և գործընկերոջ) անփույթ ձևով են զարգացել։
 
Նույնը կարող ենք ասել նաև ԵՄ հետ Հայաստանի նոր իշխանությունների փոխհարաբերության մասին: Փաշինյանի այցը Բրյուսել՝ կարծես թե չարդարացրեց նոր կառավարության սպասելիքները՝ հատկապես ֆինանսական օժանդակության տեսանկյունից: Չհուսադրեց նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան, ըստ էության, որևէ գործնական ձեռքբերում չունեցավ՝ ի տարբերություն նույն Վրաստանի, որտեղ Մերկելը հանգրվանել էր օր առաջ, և, ի դեպ՝ այնտեղ բերել շուրջ 200 միլիոնի ներդրում:
  
Վրաստանի հետ հարաբերություններում նույնպես առկա են որոշակի խնդիրներ՝ կապված Լարսի անցակետի, ինչպես նաև վեջերս Վրաստանի կառավարության ընդունած որոշման պատճառով, ըստ որի՝ հացահատիկի ներկրումը Հայաստան ցամաքային ճանապարհով՝ այս ամսվա սկզբից արգելվել է: Սրանք, իհարկե, խնդիրներ են, որոնք կարելի է լուծել երկկողմ քաղաքական կամքի առկայության պարագայում, հատկապես, որ այդ խնդիրների լուծումը առաջնային պետք է հենց Հայաստանի նոր իշխանություններին: Իրանի հետ Փաշինյանի կառավարության հարաբերությունները չեն փոխվել, սակայն դրական չես անվանի նաև առկա պոտենցիալով դրանց՝ տեղում դոփելը: Թուրքիայի և Ադրբեջանի մասով խոսելն անգամ ավելորդ է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ առկա պոտենցիալը ևս չի իրագործվում ողջ ծավալով, վստահաբար կարելի է ասել, որ ԱՄՆ-ն սպասում է Հայաստանի նոր իշխանությունների ավելի հստակ կողմնորոշմանը՝ արտաքին քաղաքական վեկտորի հարցում:
 
Այս պահի դրությամբ, Փաշինյանի կառավարության դիրքը գեոպոլիտիկ զարգացումներում ավելի քան անորոշ է: Սակայն այդ անորոշությունը ևս ունի իր պատճառները: Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ավելի հստակ կդառնա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն ունե՞նք արդյոք մենք այդքան ժամանակ…