Երեկ տեղի ունեցավ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական մեկնարկային հանրահավաքը, որում, ինչպես և սպասվում էր, ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ էության, որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ Մարությանի նախընտրական արշավին:

Փաշինյանի երեկվա ելույթում ակնհայտ էր վառ էմոցիոնալ ֆոնը. տպավորություն է, որ Փաշինյանին ինչ-որ բան սկսում է հունից հանել, և դա ավելի ու ավելի հաճախ է արտացոլվում նրա հրապարակային ելույթներում: Այսպես՝ ոչ պակաս էմոցիոնալ էր նաև օգոստոստի 17-ի հանրահավաքը, որն ավելի շատ սպառնալիքների տարափ էր հիշեցնում, քան կառավարության 100 օրվա աշխատանքի հաշվետվություն: Երեկ հանրահավաքում հնչեցրած որոշ արտահայտություններ ևս լուրջ մտածելու տեղիք են տալիս: Մասնավորապես, այն, թե ո՞ր ուժերին նկատի ուներ Փաշինյանը, հայտարարելով, թե վերջիններս, մի կողմից աջակցում են թավշյա հեղափոխությանը, մյուս կողմից՝  «քուչեքում բանակցում են ՀՀԿ հետ»՝ ավագանու ընտրություններում այդ ուժի աջակցությունը ստանալու և հետագայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կանխմամբ՝ «լավության տակից դուրս գալով»: Միանշանակ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված ուժերի մասին է, որոնք ներկայացված են նաեւ ԱԺ-ում։ Այսինքն՝ «գժուկներին սթափվելու»՝ Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ  ԲՀԿ-ին, կա՛մ  ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինք կազմած «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Այլ տարբերակ, թերեւս, չկա։ Այդ ուժերին կամ դրանցից որևէ մեկին Փաշինյանը, փաստացի, մեղադրում է հակահեղափոխությանն աջակցելու մեջ: Պատահակա՞ն է արդյոք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ուժերին և հատկապես ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին կոչ էր արել թույլ չտալ խորհրդարանի ցրումը, ինչը, ի դեպ՝ մտնում է Փաշինյանի ծրագրերի մեջ:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեկ այլ ուժի՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում չի թաքցնում հակահեղափոխության հետ առավելագույն կապակցվող Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու ցանկությունը: Իսկ ՀՀԿ հետ համագործակցությունից ՀՅԴ երբեք էլ չի «խորշել»՝ վերջին տասնամյակի կոալիցիոն կառավարությունները դրա վառ ապացույցն են : ԲՀԿ թեև բացահայտ աջակցություն երկրորդ նախագահին չի ցուցաբերել, այնուամենայնիվ ԲՀԿ-ից էլ հնչում են բավական երկիմաստ հայտարարություններ: Այսպես՝ մի կողմից ԲՀԿ առաջնորդը հայտարարում է, որ երկրորդ նախագահի հետ հնարավոր համագործակցության հարցն «անբարոյական» է ՝ իշխանությունների հետ համագործակցության այս փուլում, մյուս կողմից ընդհամենը երեկ Գագիկ Ծառուկյանը արեց Փաշինյանի համար բավական տագնապալից մի հայտարարություն, ասելով՝ եթե ժողովուրդը սատարի Քոչարյանին, իրենք էլ կստարեն,եթե ոչ՝ ապա համագործակցության մասին էլ խոսք լինել չի կարող: Գագիկ Ծառուկյանը թերեւս ակնարկում է Ռոբերտ Քոչարյանին, որ առնվազն մինչեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն չի կարող աջակցել նրան, քանի դեռ հավակնում է ժողովրդի քվեին: Այս համատեքստում հավանական չի թվում նաև ԲՀԿ-ՀՀԿ «հակահեղափոխական կոալիցիան», քանի որ նույն տրամաբանությամբ «անբորայական» կլինի նաև համագործակցությունը ժողովրդի կողմից մերժված ՀՀԿ հետ:

 Իհարկե ԲՀԿ ու ՀՅԴ գործոնը այստեղ անչափ ուժեղ է , միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև նորակազմյալ Լույս դաշինքին, Փաշինյանի մեսիջը կարող էր ուղղված լինել նաև ԵԼՔ-ի իր վաղեմի գործընկերներին:Մամուլում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ կարելի էր հանդիպել տեղեկատվությանը, որ ՀՀԿ գալիք ընտրություններում պատրաստվում է սատարել հենց Լույս դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին: Չի բացառվում սակայն, որ այդ տեղեկատվությունը տարածվում էր հենց ՀՀԿ կողմից, իսկ նպատակը՝ Լույսին սադրելը կամ կոալիցիոն գործընկերների միջև որոշակի անվստահության ֆոն ձևավորելն էր:  Թերևս պատահական չէր, որ Փաշինյանի երեկվա ելույթից հետո Էդմոն Մարուքյանը շտապել է հայտարարել, որ իրենք  անմնացորդ սատարում են վարչապետ Փաշինյանին և կառավարությանը, կարծես նման կերպ փորձելով ցրել Փաշինյանի մոտ առկա պոտենցիալ կասկածները:

Ինչևէ, այն պարագայում երբ էականորեն նվազել է հեղափոխական էյֆորիայի աստիճանը, իսկ նոր կառավարությունը դեռևս չի գործադրում անհրաժեշտ  ջանքերը երկրում իրավիճակի իրական փոփոխության համար՝ զբաղված լինելով ավելի շատ հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմամբ՝ Փաշինյանը լուրջ մտածելու տեղիք ունի: Մի կողմից իհարկե նման մեսիջները կարող են ուղղված լինել առավելապես հանրությանը՝ հասարակության մոտ մյուս բոլոր ուժերի հանդեպ որոշակի անվստահություն ձևավորելու նպատակով, մյուս կողմից Փաշինյանի սպառնալիքները կարող են ունենալ ավելի կոնկրետ հասցեատեր, հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ վարչապետը շատ ավելի լայն տեղեկատվության է տիրապետում…

 

Ստելլա Խաչատրյան