Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ռազմական վարկ վերցնելու պայմանագիր կնքելու գործընթացն ընթացքի մեջ է, խոսքն էլ 100 մլն դոլարի մասին է: Դեռևս այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ ճակատագրի է արժանացել Մոսկվայից վերցրած նախորդ վարկը և արդյո՞ք զինտեխնիկայի մատակարարումը Հայաստանին՝ կատարվել է ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում: Թե ինչ զինատեսակներ են ձեռք բերվելու վարկի շրջանակում, նախարարն այս պահին չմանրամասնեց. այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Սակայն Տոնոյանը նշեց, որ ինքնաթիռներն այդ վարկի մեջ չեն մտնում, դրա հետ կապված առանձին բանակցություններ են ընթանում: Հայաստանին այս պարագայում պետք է մտահոգեն առաջին հերթին՝ գործարքի հնարավոր հետևանքները: Բանն այն է, որ հունվարի վերջին ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք թույլ կտան ֆինանսական պատժամիջոցներ սահմանել բոլոր պետությունների, կառավարությունների նկատմամբ, որոնք «կներգրավվեն Ռուսաստանի կառավարության պաշտպանության կամ հետախուզության ոլորտների մաս հանդիսացող կամ նրանց անունից գործող անձանց հետ նշանակալի գործարքների մեջ»։ Նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն ԱՄՆ նախագահին ընձեռել է Կոնգրեսը՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, որը ստորագրել է Դոնալդ Թրամփն՝ անցյալ տարվա օգոստոսի 2-ին:
Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված է նաեւ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։ Ռուսաստանը աշխարհում զենք-զինամթերք արտահանող երկրների շարքում երկրորդն է, ուստի՝ տեսականորեն՝ ռիսկի տակ գտնվողների ցանկը հսկայական է: Սակայն սպառնալիքը կարծես թե արձագանք է ստացել, մասնավորապես, Հայաստանում, որը մեծապես հենվում է ռուսական զենքի վրա, բայց նաև ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ։ Իհարկե, այստեղ աշխարհաքաղաքական անկյուն ևս կա: Ռուսաստանի, ռուսական ռազմական արդյունաբերության հետ կապերի՝ նման ակնհայտ սահմանափակումը ճնշման կարևոր աղբյուր կլինի այնպիսի պետությունների վրա, ինչպիսին Հայաստանն է ու Ադրբեջանը, որոնք ներկայում Ռուսաստանի ազդեցության ոլորտում են: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, որն ունի բավական լայն հնարավորություններ՝ սպառազինություն ձեռք բերել այլ երկրներից՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից. մեր շուկան դիվերսիֆիկացված չէ: Իհարկե՝ հասկանալի է, որ երկրի պաշտպանողունակությունը պետք է ամրապնդել, դրանում կասկած չկա, բայց արդյո՞ք կառավարությունը հաշվարկել է հնարավոր ռիսկերը: Դժվար է ենթադրել, որ Արևմուտքը կխնայի Հայաստանի նոր իշխանություններին, հատկապես, որ նրանք Արևմուտքին այս պահին ոչինչ չունեն առաջարկելու…
Ս.Խաչատրյան