Տիգրան Աբգարյանը ենթադրաբար սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, սակայն հարցն այն է, թե կատարվածի հետ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով ՀՔԾ պետի հայտարարությանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Կապը փորձում են հիմնավորել նրանով, որ միայն այդպես հնարավոր կլիներ հիմնավորել արտակարգ դրության ռեժիմ մտցնելը, քանի որ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կան զոհված անձինք։ Ցույց տվեք ինձ տեքստ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե կան զոհված անձինք։ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու տեքստում և դրանից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կան վիրավոր անձինք, կան այրված մեքենաներ»,-ասաց Խուդոյանը։
Հրազենային վիրավորումների հետ կապված՝ փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը նշել է Համլետ Թադևոսյանի անունը, որը վիրավորվել է 21։15-ին, իսկ արտակարգ դրության ռեժիմը մտցվել է գիշերը՝ 23։00-ին։
«ՀՔԾ-ն այսպես է աշխատում. վերագրում է Ռոբերտ Քոչարյանին մի խոսք, որը չի հնչել, և արդարանալով, հակադարձելով այդ խոսքի դեմ՝ փորձում է հիմնավորել, որ ճիշտ են իրենք։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է մանիպուլյատիվ մեթոդների օգնությամբ»,-նկատեց Խուդոյանը։