«Yerevan today» լրատվական կայքի գլխավոր Խմաբագիր Սևակ Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Սեպտեմբերի 17-ին ՀՀ Քննչական ծառայության և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց «Yerevan today» լրատվականի խմբագրությունում։ Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը։ Նախ, աշխատակիցների մուտքը գրասենյակ՝ արգելված էր քննչական գործողությունների իրականացման հիմքով, այնուհետև այդ հնարավորություններից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականցնող խումբը առգրավեց գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում էին նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ։ Հիմքը համացանացում տարածված տեղեկությունն էր՝ իբրև՝ ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների աղմկահարույց հառախոսազրույցը տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից։ Հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք էր, մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի։ Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրված ասուլիսի վերաբերյալ ևս «Yerevan today»-ը տեղադրել էր 2 օր շուտ, որն աբսուրդ է։ Այդ որոնման արդյունքն իսկ փաստում է, որ խնդիր կա Google որոնման համակարգում։
Նույն որոնման համակարգի սխալների շարքում նաև այն էր, թե մի քանի այլ կայքեր տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել։ Այս ամենի մասին համապատասխան հիմնավորման խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Այս օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին։ Նպատակը երևի այլ էր։
Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր նաև հայտնաբերեր գաղտնալսող սարքեր և այլ նյութեր՝ կապված այդ ձայնագրության հետ։ Մեր տպավորությամբ, սա փորձ է լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ, և փորձ է՝ խաթարելու կայքի բնականոն աշխատանքը։ Սա միտված է մեր օրինակով «դաս տալ» ազատ և հիմանվորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին։ Սա անուղղակի պարտադրանք է՝ ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ։ Այս գործելաոճը հայտնի է սովետմիությունից, որն իր գագաթնակետին հասավ անկախ Հայաստանի 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանությամբ «գծից շեղվող» կուսակցություններ և լրատվամիջոցներ։ Լրատվադաշտի համախմբված պայքարը՝ այդ արատավոր գործելակերպի դեմն առնելու, անցյալ տարիներին հաջողություն գրանցեց, իսկ այժմ, ցավոք, վերադառնում են մեր պատմության ամոթալի էջերը։ Մեր երկրում, ստացվում է՝ իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի և ֆեյքային տրամադրությամբ գործող իշխանական թերթի թելադրանքով։
Ազատ, անկաշկանդ և տրամադրված հիմնավորված քննադատությունը յուրաքանչյուր իշխանության համար կարևոր գործիք է՝ սխալներից հնարավորինս զերծ մնալու, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը շարժվի այս գիտակցությունով։
Մենք պատրաստավում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշատպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով»։