Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Գարեգին Բ կաթողիկոսը պատրաստվում է ինքնակամ թողնել աթոռը։ Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը պայքարում էր  կաթողիկոսի հրաժարականի համար։

ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի հետ, որը նշեց, որ Կաթողիկոսին մոտ կանգնած եպիսկոպոսներից տեղեկացել են, որ Կաթողիկոսը տնից ընդհանրապես դուրս չի գալիս։

 

«Արշակ եպիսկոպոսը հեռացել է դիվանապետի պաշտոնից և հիմա ԺՊ է նշանակված։ Սա առաջին լուրն է, որ մեզ հասել է, իսկ Կաթողիկոսի գնալն անխուսափելի է, մենք սա բավականին երկար ժամանակ է ասում ենք։ Մեր համար նորություն չէ նրա հեռանալը»,-նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ Կաթողիկոսը հեռանալով իր փոքր մնացած մեծությունը ցույց կտա։

Հարցին՝ արդյո՞ք Կաթողիկոսի հետ կապված տեղեկություննները նրան մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում, Պետրոսյանը պատասխանեց․

«Անշուշտ։ Բազմիցս ասել ենք, որ մեր շարժման ակտիվ ջատագովներից են բազում եպիսկոպոսներ։ Իրեն ամենամոտ կանգնած եպիսկոպոսներից մենք պարբերաբար ինֆորմացիա ենք ստանում»,-ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե կազմակերպության գործունեության հետևում կանգնած են դրսից կամզակերպություններ՝ Պետրոսյանը ժխտեց իրենց կապը որևէ ուժի հետ։

«Մեզ մի ուժ է կապում՝ դա արդարությունն է, Հայ առաքելական եկեղեցու վարդապետությունն է։ Մենք պաշտոնապես հայտարարեցինք մի քանի անգամ, որ ցանկացած տեսակի այլադավանության վերաբերյալ ունենք բացասական վերաբերմունք։ Մերը ազգային հոգևոր շարժում է, որի գլխավոր նպատակը հայ եկեղեցու զորացումն է և հայ քրիստոնյա արժեքների պահպանումը»,-ասաց նախաձեռնության անդամը։

Նա նշեց, որ ընտրություններով պայմանավորված՝ իրենց նախաձեռնությունը պասիվություն են դրսևորում, որպեսզի չազդեն ընտրական գործընթացների վրա։ 

«Կաթողիկոսը դեռ հույս ունի, որ հին իշխանությունները վերարտադրվելու են։ Հենց նա զգա, որ հին իշխանություններն այլևս Հայաստանում տեղ չունեն՝ կինքնաոչնչանա»,-հավելեց Կ․ Պետրոսյանը։