ՀՀ անկախության 27 ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը շնորհավորական ուղերձներ են հղել գործընկեր պետությունների ղեկավարները, սակայն ուշագրավ է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդի և գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, Պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան այն 3 երկրներից մեկն է, որը չի ճանաչում ՀՀ անկախությունը։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատեց, որ որ 27 տարի անց Սաուդյան Արաբիայի շնորհավորանքը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ՝ բավական մեծ ձեռքբերում է։
«Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Սաուդյան Արաբիան այն եզակի երկներից է աշխարհում՝ Պակիստանից, Ադրբեջանից հետո, որ Հայաստանի անկախությունը չի ճանաչել։ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհի ամենահզոր երկրներից է, եթե ոչ՝ ամենհազորը․ այն սուննի մահմեդականներին իր շուրջը միավորող տիրություն է Մերձավոր Արևելքում։ ՀՀ անկախության տոնը Սաուդյան Արաբիայի կողմից շնորհավորելը բավական մեծ ձեռքերում է։ Այս ամենի մեջ, որքան ես տեղյակ եմ իր ներդրումն ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը»,-նշեց Համբարյանը։
Ըստ քաղաքագետի՝ Սաուդյան Արաբիայի կողմից սեպտեմբերի 21-ի կապակցությամբ թագավորի մակարդակով շնորհավորելն արդեն ցույց է տալիս, որ այդ երկիրը ճանաչում է մեր անկախությունը։
«Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, և բոլոր որոշումներն ընդունվում են թագավորի կողմից։ Շատ լավ կլինի, որ սուննի մահմեդական դաշինքը ներկայացնող Սաուդյան Արաբիան նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատի մեզ հետ, որովհետև այդ դաշինքի մեջ մտնող բազմաթիվ երկրների հետ ՀՀ-ն շատ սերտ հարաբերություններ ունի՝ ԱՄԷ, Քուվեյթ, Հորդանան Եգիպտոս»,-ասաց Համաբարյանը։
Արմինե Արմենակյան