Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: 

«Իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում առաջիկա ամառվա ամիսների համար նախատեսած իր այդ գործողությունը անհրաժեշտ է այլևս հնարավորինս շուտ անել, և որ ակնհայտորեն՝ դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլև ՔՊ-ի՝ ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ»,- հայտարարել է Փաշինյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, խոսելով վարչապետի հայտարարության մասին, նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրն է, որը պետք է լուծել հնարավորինս արագ. «Դրանք անհրաժեշտություն են քաղաքական, ազգային անվտանգության, տնտեսական և ժողովրդավարության հաստատման տեսանկյունից: Անթույլատրելի է, որ երկրում երկիշխանությունը դառնա տևական՝ ինչքան էլ որ խորհրդարանում առկա հակահեղափոխականները ջախջախված լինեն: Երկրում և՛ քաղաքական իրավիճակ է փոխվել, և՛ հասարակության տրամադրությունն է շեշտակի փոխվել, որը պետք է արձանագրվի խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հասարակությունը պետք է լեգիտիմ մանդատ տա այն ուժերին, որոնց նպատակահարմար կհամարի, որից հետո երկրում իշխանության փոփոխության գործընթացը կարելի է մեծ հաշվով համարել ավարտված»:

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին, Մուսինյանը նշեց, որ տեղի ունեցան օրինակելի և ազատ ընտրություններ. «Հույս ունեմ, որ 20-ամյա մղձավանջից հետո իրապես ազատ ընտրությունները լուրջ նախադեպ կլինեն, որպեսզի հետայսու բոլոր ընտրությունները լինեն այս մակարդակի և բացառվի հետդարձը դեպի քոչարյանասերժական ընտրություններ»,- նշեց Մուսինյանը:

 

Կարո՞ղ ենք համարել, որ սա հարված էր նախկին իշխանություններին դիտարկմանն ի պատասխան՝ Մուսինյանն ասաց, որ սա ժողովրդավարության հաղթանակն էր, իսկ ցանկացած ժողովրդական երևույթ հարված է նախկին քոչարյանասերժական իշխանություններին:

Սոնա Հարությունյան