Օրեր առաջ Երևանը կատարեց իր ընտրությունը։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքն առաջնորդ Հայկ Մարությանը 80 և ավել տոկոսով ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Ի՞նչ կարծիք ունեն նոր քաղաքապետի մասին նախկին քաղաքապետերը, ո՞րն է ամենահրատապ խնդիրը Երևանում: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com  զրուցեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։

Նա համոզված է, որ Հայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը, քանի որ նա հանրությանը ներկայացած բնագավառում եղել է պրոֆեսիոնալ։

 

«Թյուր տեսակետ է տարածված Հայկ Մարությանի մասնագիտության  հետ կապված։ Պետք է հաշվի առնել, որ օրենքը միայն տարիքային սահմանափակում է դնում, իսկ ավագանու ընտրություններում մարդիկ ընտրում են քաղաքական ուժին և այդ ուժի ներկայացուցչին»,-ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս ընտրություններով Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունեցել մեծ նշանակություն ունեցող իրադարձություն, և արդյունքները որևէ մեկի կողմից կասկածի տակ չեն առնվում։ Իսկ 80 տոկոս և ավելի քվեն, ըստ Խաչատրյանի, նշանակում է, որ Երևանը պատրաստ է կտրուկ փոփոխությունների՝ քաղաքական դաշտում, և երևանցիները իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին պահանջ ներկայացրին, որ արագ տեղի ունենան խորհրդարանական ընտրություները և ՀՀ քաղաքացին ձևավորի նոր խորհրդարան։

Հարցին՝ նոր քաղաքապետը ինչի՞ց պետք է սկսի և ո՞րն է առաջնային խնդիրը Երևան քաղաքում՝ նախկին քաղաքապետը պատասխանեց․

«Ես համոզված եմ՝ նոր քաղաքապետը և իր համախոհները լավ պատկերացնում են՝ ինչ խնդիրներ կան։ Ես տեսնում եմ Երևան քաղաք՝ բազմաթիվ խնդիրներով, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել, քանի որ եղել են քաղաքացիներինը և ոչ՝ իշխանություններինը։ Հիմա նոր ղեկավարությունը պետք է զբաղվի երևանցների խնդիրներով, որոնցից ամենահրատապը բնակարանային ֆոնդի խնդիրն է, որը Երևանի հարստություն է և գտնվում է անմխիթար վիճակում։ Շանքերի 60-70 տոկոսը հրատապ կարիք ունեն վերանորոգման։ Այդ շենքերում ժամանակակից էնեգախնայողություն, ջերմախնայողություն  հնարավոր չէ իրականացնել»,-նշեց Խաչատրյանը։

 

Նրա կարծիքով՝  անհրաժեշտ է 6 ամիս ժանմանակ, որ նոր քաղաքապետը խոսի կոնկրետ անելիքների մասին։

«Լիարժեք բավարար է այդ ժամկետը բոլոր խնդիրներին ծանոթանալու համար, իսկ մենք կարող ենք ասել՝ 2-3 տարի հետո ինչ Երևան ենք ունենալու»,-հավելեց Խաչատրյանը։