«Ադրբեջանում ուղղակի չեն թողնում իրենց երկիր մուտք գործել մարդկանց, որոնք ունեն հայկական ազգանուններ: Հետապնդում են մարդկանց, որոնք, հնարավոր է՝ ունենան հայկական արյուն և նույնիսկ առաջարկ է հնչել ստեղծել Ազգային անվտանգություն մի մարմին, որը կստուգի իրենց պետական պաշտոնյաների զտարյունությունը».-այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի օմբուդսմանը՝ ներկայացնելով «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին քաղաքական հարթություններում, նշեց, որ «մենք ավելի համակարգված պետք է աշխատենք»:

 

Ռուբեն Մելիքյանը բացատրեց, որ այս ուսումնասիրությունները նրանք կատարել են երեք պատճառով, առաջինը՝ նրա համար, որ Հայաստանի բնակչությունը  ոչ այնքան լավ է ծանոթ Ադրբեջանում հայատյացության մակարդակին: Երկրորդ պատճառը միջազգային հանրությունն է. «Մենք պետք է հասկանալի և մատչելի լեզվով միջազգային հանրությանը հրամցնենք  իրողությունը»,-ասաց Մելիքյանը: Իսկ երրորդ պատճառը հայկական հանրության իրազեկումն է:

Ռուբեն Մելիքյանն սկզբունքորեն ընդունելի չի համարում այն, որ հայ համայնքը հակադարձ ատելության խոսքեր է ուղղում ադրբեջանական հայատյացությանը՝ որպես պատասխան:

Վերջում Մելիքյանը հայտարարեց, որ դատական մարմինները կարելի է դիտարկել որպես իրական գործոն՝ Ադրբեջանում  հայատյացության դեմ  ինչ-որ գործողություններ ձեռնարկելու համար: