06:21
Հարցաքննվել են ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետն ու դատավոր Վաչե Մարգարյանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ինչպես նաև ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով՝ դատավորը, ինչպես նաև ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը հարցաքննվել են։ Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Հարցաքննությունները տեղի են ունեցել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով»,- ասաց Տռուզյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ էր ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։

 

Նշենք նաև, որ դատավոր Մար­գարյանի անունը ևս շոշափվում էր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդու­թյունը:

Ավելի վաղ, դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբևէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով, նա ասել է նաև մերձավոր շրջապատում, և հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության:

Սոնա Հարությունյան

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս