«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը:
Գևորգ Էմինտերյանի խոսքով, Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և չի երկարաձգվել:
Լեւոն Սարգսյանն այդտեղ աշխատում էր համատեղությամբ, նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից հունիսի 30-ը:
Լեւոն Սարգսյանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի պարտականությունները դրվել են նույն ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վրա: Թափուր պաշտոնի մրցույթ առայժմ չի հայտարարվել:
Ավելի վաղ, Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Նա, դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: