Քիչ առաջ Նոր Նորքում բացվեց «Սասնա Ծռեր» կուսակցության գրասենյակը: Գրասենյակի բացման առիթով ներկաներին շնորհավորեց կուսակցության խոսնակ, Վարուժան Ավետիսյանը:
«Սա լավ նվեր էր համագումարի նախօրյակին: Պետք է նկատի ունենաք, որ հայրենաշեն և ոգեղեն տեսակն է համախմբվում այս կուսակցության մեջ և մենք նոր տեսակ, նոր խոսք, նոր գործ ենք բերում իրականություն, այս անգամ՝ կուսակցության ձևաչափով: Համոզված ենք, որ ունենք լայն հենք մեր ժողովրդի մեջ և ազգային իղձերի արտահայտիչը լինելով՝ դառնալու ենք լուրջ գործոն մեր ազգային քաղաքական կյանքում»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Ժիրայր Սեֆիլյանն էլ նշեց, որ քաղաքական հին ուժերը պետք է հասկանան, որ իրենք մեկընդմիշտ վերջացած են այլևս. «Նրանք Հայաստանի քաղաքական դաշտից մեկընդմիշտ հեռացած են, ինչն ապացուցեց Երևանի ավագանու ընտրությունները»:
Անդրադառնալով խորհրդարանաը լուծարելու հարցին, Սեֆիլյանը նշեց, որ դա եղել է իրենց առաջնային պահանջներից մեկը. «Ավելին, մենք բանտից ևս կոչերով հանդես ենք եկել, դրանցից առաջինը ապօրինի, ոչ լեգիտիմ, բռնությամբ ծնված Ազգային ժողովի օր առ լուծարումն է: Համոզված ենք, որ դա սարերի հետևում չէ, ամեն ինչ անելու ենք, որ դա իրականանա: Վաղը մեր կուսակցության համագումարն է, որից հետո կկողմորոշվենք՝ ինչ մարտավարությամբ ենք մասնակցելու ընտրություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պատրաստ են գնալ բանակցությունների նոր իշխանությունների հետ և օժանդակել վերջիններիս: