ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս հրաժարական տալ ու վերընտրվել իրենց լեգիտիմ համարող այն համայնքապետերին, ովքեր արժանացել են ժողովրդի դժգոհությանը: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արարատի մարզպետի ու Ուրցաձորի համայնքապետի խնդրին, նշեց վարչապետը:
«Այն համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, և որոնք կարծում են, որ իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, կարող են հենց իրենք հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել: Մանավանդ, որ բոլորս համոզվել ենք, որ կառավարութունը երաշխավորելու է, որ ընտրությունները 100%-ով արտահայտելու ենք ժողովրդի կամարտահայտությունը: Այնպես որ, եթե որևէ գյուղապետ կարծում է, որ ունի ժողովրդի վստահությունը, նույնիսկ բողոքի գործողությունների ժամանակ ոչինչ իրեն չի խանգարում հրաժարական տալ, արտահերթ ընտրություններին առաջադրվել, ստանալ ժողովրդի վստահության քվեն, որ այդ թեմաները փակվեն»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ուրցաձորի համայնքապետի արված հայտարարությանը, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն նրան հորդորել է հրաժարական ներկայացնել:
«Կարծում եմ, եթե այդպիսի հայտարարություն է եղել հրապարակային, մեր իրավապահ մարմինները լսել են, եթե կա այդտեղ որևէ բան հետաքննելու, կարող են հետաքննել: Մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, երբ փակուղային իրավիճակ է եղել, կառավարությունը խորհրդակցության է հրավիրել համայնքի ղեկավարին ու փորձել նրա պատկերացումները լսել, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նշեց, որ, եթե քաղաքացիները դժգոհ են որևէ պաշտոնյայից, ապա պաշտոնյաները պետք է անեն հետևություն, և աշխատեն իրենց վրա, որպեսզի համապատասխանեն այն սպասումներին, որ ունեն ՀՀ քաղաքացիները: