Ինչպես հայտնի է՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությանը ներկա չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս միայն ուշ երեկոյան ֆեյսբուքի միջոցով շնորհավորեց գյումրեցիներին՝ խոստանալով պատժել աշխատանքը չկատարած և իրեն այդ օրվա մասին չտեղեկացրած անձին:
Իսկ թե ով էր թերացել իր աշխատանքում և ում է պատժելու վարչապետը, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս, սակայն, նշեց, որ եթե հարկ լիներ՝ վարչապետն ինքը կբարձրաձայներ դրա մասին. «Վարչապետի գրածով այդ թեման փակված է: Գուցե վարչապետը գիտի՝ ով է նա: Նա հարյուրավոր պաշտոնայների հետ շփվում և բացատրություն է պահանջում, շատ դեպքերում անձը ձեզ հայտնի չի լինում, բայց դա չի նշանակում, թե վարչապետին էլ հայտնի չէ»,- պարզաբանեց Եղոյանը՝ ամեն կերպ խուսափելով հստակ պատասխան տալ: Գուցե նա ևս իր խոսքը չէր համաձայնեցրել վարչապետի հետ և փորձում էր շրջանցել՝ անուններ չհնչեցնելու և իրավիճակն ավելի չբորբոքելու համար:
Կարծում ենք, որ վարչապետին տեղեկացնելը աշխատակազմի պարտականությունը պետք է լիներ: Չէ՞ որ ցանկացած հարցերով հենց նրանք են զբաղվում, անգամ որոշում վարչապետի տվյալ օրվա հագուստի յուրաքանչյուր դետալ, ինչպե՞ս կարող էին թերանալ նման կարևորագույն հարցում:
Հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրիի օրվան նվիրված միջոցառումների մասին իմացել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով այնտեղ էր պաշտոնական այցով, իսկ վարչապետը՝ ոչ: Ուստի, չի բացառվում, որ հենց նա էլ պատժվի վարչապետի «գլխից թռնելու» համար: Բայց, միևնուն ժամանակ, զարմանալի է, որ Միրզոյանը ևս «մոռացել» էր Փաշինյանին հիշեցնել օրվա «խորհրդի» մասին, հատկապես այն ժամանակ երբ օգտվում էր «ադաթով» բացված հյուրընկալ սեղանից և համտեսում Գյումրվա հայտնի քյալլան ու մի բան էլ խոստանում, որ «Գյումրվա յոլ ու ղայդով քյալլա ճաշակելու համար» առաջիկայում անպայման կայցելի Գյումրի:
Սոնա Հարությունյան