«Ավրորա» նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: 

«Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան եւ փառքի հասավ:

Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, եւ մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»,- հայտարարել են նրանք:

«Ավրորա»-ում հիշեցրել են, որ առաջին իսկ օրվանից Ազնավուրը նախաձեռնության կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը: 

«Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւ բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում»,- ասված է հայտարարությունում: