Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: Հատկապես, երբ ընտանեկան բռնության զոհ են դառնում երեխաները:

Դրա վառ օրինակը տեղի ունեցավ օրերս: Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է 1 տարեկան մանկահասակ որդուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է:

 

Թե ի՞նչ հետևություններ կարելի է անել վերջին դեպքից, երբ բռնության զոհ դարձավ 1-ամյա երեխա, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանից

Image result for իրավունքի ուժ հկ արման ղարիբյան

«Առհասարակ, խոսելով ծեծի արդյունքում մանկահասակ երեխայի մահվան դեպքերի մասին, պետք է նկատել՝ դա խոսում է այն մասին, որ ընտանեկան բռնության խնդիրը միայն կանանց իրավունքների հարց չէ, այլ հասարակության յուրաքանչյուր անդամի: Երեխաները հասարակության ամենախոցելի մասն են և եթե նրանց նկատմամբ բռնություն է իրականացվում, դժվար է լինում բացահայտել, որովհետև նրանք կարող են չբարձրաձայնել: Այս դեպքը ցուցիչ է, որ հասարակությունը սթափվի և հասկանա, որ բռնությունը դատապարտելը յուրաքանչյուրիս պաշտպանության հարցն է»,- նշեց Ղարիբյանը:

Նրա կարծիքով՝ հասարակությունը բռնությունը դատապարտում է միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է մահվան ելքով բռնությանը, ծանր ֆիզիկական վնաս հասցնելուն կամ երեխաներին. «Հասարակությունը միայն այս դեպքերում է սուր արձագանքում: Երբ բռնություն է կիրառվում կնոջ նկատմամբ, անմիջապես հարցեր են առաջանում՝ ի՞նչ էր արել, որ ծեծեց, սպանեց, այսինքն զոհին կրկնակի զոհարկելու մղումն առկա է հասարակությունում: Այս առումով` չէի ասի, թե մեր հասարակությունում ընտանեկան բռնությունը խիստ դատապարտվում է: Ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական բռնությունը չէ, դրա մեջ է մտնում սեռական, տնտեսական, հոգեբանական բռնությունը, կարծում եմ երկար ժամանակ է անհրաժեշտ, որ հասարակությունը գիտակցի և ընդունի սրանք որպես բռնության ձև: Իսկ դատապարտումը պետք է սկսել հետևյալ կերպ. եթե բռնության հակված ես` պետք է ինքդ քեզ վրա աշխատես, զսպես, շտկես»,- ասաց նա՝ նշելով, որ սա հեշտ լուծելի խնդիր չէ և պետական հստակ քաղաքականություն է պահանջում:

 

Նշենք, որ դեկտեմբեր 13-ին ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Անդրադառնալով օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության դեպքերի թվին, Ղարիբյանը նշեց.

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ բռնության դեպքերը շատացել են, բայց դա թյուր կարծիք է, քանի որ ոչ թե բռնության դեպքերն են շատանում, այլ արձանագրված դեպքերը: Այսինքն՝ հասարկությունը, տեսնելով, որ պետությունն ունի հատուկ օրենք՝ համարձակություն կունենա դիմել ոստիկանություն: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք առաջիկա տարիներին անդադար թվային աճ գրանցենք ոստիկանությունում արձանագրված բռնության դեպքերի, բայց դա չպետք է շփոթել բռնության դեպքերի թվի աճի հետ: Հանցագործության կանխման միջոցներից մեկն էլ հանցագործությունը պատժելն է: Ընտանեկան բռնության օրենքի նախագծում ընտանիքի հետ աշխատանք  տանելու, զգուշացնելու մեխանիզմ կա, այսինքն՝ ոստիկանության՝ ժամանակին հասնելն է, որ կարող է կանխել մեկի բանտում հայտնվելը, մյուսի՝ մահը»,- եզրափակեց Արման Ղարիբյանը:

Սոնա Հարությունյան