«Մեր պահանջն այն է, որ Վճռաբեկ դատարանը մեր դիմումը վերանայի և նոր վարույթ բացեն, քանի որ անարդար ձևով 4 անմեղ տղաների դատում են առևանգման հոդվածով, մինչդեռ թե՛ իմ ամուսինը, և թե՛ նրա եղբայրները աղջկան չեն առևանգել, շատ շնորհքով գնացել և մեր տուն հարս ենք բերել»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նույն դատական գործով անցնող Հենզել Առաքելյանի կինը՝ Սեդա Մանուկյանը, ով հարազատների հետ միասին Արդարադատութան նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում:
Սեդա Մանուկյանը պնդում է, որ 3.5 ամիս ամուսնացած հարսը՝ Օլյա Ալվանդյանը, մոր տուն «դարձ գնալուց» հետո վերջինիս հետ միասին որոշել է դիմել դատարան՝ առևանգման հոդվածով: Այնուհետև դատարանը, պարզելով դեպքի հանգամանքները, կալանավորման վճիռ է կայացրել: Մինչդեռ մեր զրուցակցի համոզմամբ, իրենց «հարսն ու փեսան» ապրում էին սիրով և համերաշխ. «Կարող եմ անգամ բոլոր նկարները ցույց տալ, որ նա մեր հարսն է, մեր տղայի հետ արտերկրում հանգստացել է, սիրով են, ի՞նչ է նշանակում «աղջիկ փախցնել», եթե համատեղ սիրով ապրում ու հղիանում են, ինչպե՞ս է ստացվում որ կամքին հակառակ՝ փախցրել են այդ աղջկան, ուղղակի անտրամաբանական է: Ամեն ինչ աղջկա մորից է եկել. նա ի սկզբանե չէր հավանում փեսային, անգամ աղջկան ստիպել է հղիության 2.5 ամսում աբորտ անել»:
Նշենք, որ Օլյա Ալվանդյանը Շիրակի Մարզի Մարալիկ համայնքի բնակչուհի է, որն ամուսնացել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ Ռուդիկ Հովհաննիսյանի հետ: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարան այնուհետև նաև վերաքննիչ դատարան, սակայն վարույթը չի ընդունվել: «Մենք չենք հրաժարվում մեր հարսից, գնացել ենք, որ ետ բերենք նրան, սակայն նրանք չեն ուզում ընդունել մեզ»,-մեզ հետ զրույցում ամփոփեց Սեդա Մանուկյանը:
Հավելենք, որ դատարանը վճռել է կալանավորել Ռուդիկ Հովհաննիսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Հենզել Առաքելյանին և Արամ Առաքելյանին:
Հավելենք, որ մեր խմբագրության հետ կապ հաստատելու դեպքում կհրապարակենք նաև հակառակ կողմի կարծիքը:
Արմինե Միքայելյան