Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:
Արքայազնը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում:
«Ապրել միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների քանակը ապացուցում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի' կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին' կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասաց արքայազնը:
Նա վստահեցրեց' Մոնակոն իր չափով է խթանում ՖՄԿ արժեքների խթանմանն ու տարածմանը ինտերնետի տիրույթում: Հաշվի առնելով իրենց երկրի աշխարհագրական դիրքը' նա նշեց, որ քաջատեղյակ են շրջակա միջավայրի խնդիրներին: «Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի: Շնորհակալություն եմ հայտնում օրակարգում ծովերի և օվկիանոսների մաքրության պահպանության հետ կապված կետն ընդգրկելու համար»,-նշեց Ալբերտ երկրորդը:
Նա ուրախությամբ փաստեց, որ հաջորդ տարի իրենց երկիրն է հյուրընկալելու ՖՄԿ-ն, վստահեցրեց' ջանք չեն խնայի լավագույնս ընդունելու համար: Անդրադառնալով Հայաստանին'նա շնորհակալություն հայտնեց երկրի իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար: Արքայազնը խորին հարգանք հայտնեց նաև ֆրանսերենի դեսպանի' մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Նա նշեց՝ Ազնավուրն իրենն էր համարում Ֆրանսիան և ֆրանկոֆոն մշակույթը:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։