Հացադուլի հենց առաջին օրը Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր Ամենայն հայոց վեհափառին՝ կոչ անելով աղոթել իր համար, ինչպես նաեւ չպղծել Ավետարանն ու չօրհնել Սերժ Սարգսյանին: Երկարատեւ լռությունից հետո այսօր վարջապես հայտարարություն տարածեց Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Հայտարարությունում մեջբերելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը'ասվում է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը: Միաժամանակ, հացադուլավոր քաղաքական գործչին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, կոչ է արվում հրաժարվել ծայրահեղ քայլից և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Հայտարարությունում ասվում է, որ «Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ, այլ բնույթի հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցուց անհնար կլիներ ակնկալել:
«Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցին վաղուց է, ինչ վերածվել է քրեաօլիգարխիկ ռեժիմի կցորդի եւ իր ողջ գործունեությամբ և քայլերի տրամաբանությամբ ոչ միայն հանդիսանում է քրեաօլիգարխիկ ռեժիմի հիմնասյուներից մեկը, այլ նաեւ օժանդակում է, որպեսզի այս վիճակը Հայաստանում շարունակվի: Այս պարագայում նման հայտարարությունը լիովին սպասելի էր և բավականին տարօրինակ կլիներ այլ բան ակնկալելը: Մենք տեսնում ենք նաև, որ Հայ Առաքելական Եկեղեցին անգամ փորձում է կրկնօրինակել կրիմինալ ռեժիմի պահվածքը՝ իր բենթլիներով եւ այլ շքեղության մեջ հղփացած տերտերներով: Եվ հանդես գալով քրեաօլիգարխիկ ռեժիմի կցորդի և սպասարկուի դիրքերից՝ պարզ է, որ ՀԱԵ ամեն ձեւով պետք է փորձի արդարացնել իր պատվիրատուների՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող ամեն տեսակի ապօրինությունները, այդ թվում՝ ընտրությունների կեղծումը և իշխանության այդ կերպ բռնազավթումը»:
Ըստ Կիվիրյանի, ՀԱԵ հայտարարությունից ակնհայտ է, որ եկեղեցին օժանդակում եւ արդարացնում է գործող ռեժիմի բոլոր ապօրինի քայլերը: «Եկեղեցին հայտարարում է, որ չի արդարացնում հացադուլը, իսկ այդ ո՞նց է, որ մինչեւ այժմ արդարացնում է ընտրություններ կեղծելը: Ըստ եկեղեցու տրամաբանության, ընտրություններ կեղծել կարելի է, իսկ դրա դեմ պայքարել հացադուլի միջոցով՝ չի կարելի: Փաստորեն, ըստ եկեղեցու տրամաբանության, ընտրակեղծիքներ կատարելը արդարացված է, իսկ ընտրակեղծարարի դեմ ընդվզելը թույլատրելի չէ: Մինչ օրս Հայ Առաքելական Եկեղեցին այդպես էլ չտարածեց հայտարարություն, որ մի՛ կեղծեք ընտրությունները, որ, կեղծելով ընտրությունները, քանդում եք պետության հիմքերը եւ վտանգում հայոց պետականությունը: Այնպես որ, ակնհայտ է, որ ՀԱԵ-ն ոչ մի առումով չի նպաստում հայկական պետականության կայացմանը, այլ հակառակը՝ օժանդակում է դրա քայքայմանը ինչպես քրեաօլիգարխիկ ռեժիմը, նույնը՝ ինքը»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Արգիշտի Կիվիրյանը նաև նշեց, որ այս պարագայում Հայ առաքելական եկեղեցին համառորեն չի ցանկանում ընկալել, որ, սերտաճելով Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմի հետ, եկեղեցին որպես կառույց առաջին հերթին վտանգում է նաև ինքն իրեն: «Այս ռեժիմը ուշ թե շուտ կազմաքանդվելու է, ով դա չի ընկալում, ուրեմն չի պատկերացնում մարդկության զարգացման ընթացքը և փուլերը: Իսկ ռեժիմի կազմաքանդման հետ միասին մեխանիկորեն կկազմաքանդվեն նրա հետ սերտաճած բոլոր կառույցները, այդ թվում՝ եկեղեցին», - նշեց Կիվիրյանը: