Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆրեդ Դավթյանը: 

«Եղել են լուրջ քննարկումներ գեղարվեստական ղեկավարի նշանակման վերաբերյալ, թեկնածուների գործեր են հավաքվել, հատվածներ ենք դիտել նրանց բեմադրություններից, ներկայացրած ծրագրերն ենք նայել: Ի վերջո ՀՀ մշակույթի նախարարության հոկտեմբերի 1-ին կազմակերպած վերջին քննարկումներից հետո ներկայացված հինգ թեկնածուից ընտրվեց երկուսը` Կարեն Ներսիսյանը և ռեժիսոր-բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, որոնք իրենց գործունեությամբ, ներկայացումներից ցուցադրած հատվածներով և ծրագրերով բավականին լուրջ տպավորություն թողեցին»,-պատմեց Դավթյանը:

 

Նրա խոսքով` Սուրեն Շահվերդյանին շատերն են ճանաչում, քանի որ նա բնակվում է Հայաստանում, իսկ Կարեն Ներսիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Ստանիսլավսկու թատրոնում, գրեթե մեկ տարի աշխատել է որպես բեմի բանվոր, հետագայում թատրոնում դիպլոմային ներկայացումներ է բեմադրել, այնուհետև մեկնել Ռուսաստան: Ինը տարի աշխատել է բեմադրիչ, դրամատուրգ, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկու հետ: Ներկայացումներ է բեմադրել Ռուսաստանի մի շարք թատրոններում: Գրեթե 50 բեմադրության հեղինակ է:

«Ինձ համար կարևոր է այն փաստը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ` Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին մեր թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ»,-ընդգծեց Ֆրեդ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի մեկին ՀՀ մշակույթի նախարարությունում իրականացված լսումների արդյունքում որոշվել էր Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին հնարավորություն տալ առաջիկայում Ստանիսլավսկու թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտար հետագա հստակ և համարժեք ընտրության կատարել: 

 

«Ո՞վ ասաց, որ եթե մարդիկ լուրջ ներկայացում են բեմադրում, ապա մեկ ամիսը դրա համար բավարար է: Ըստ իս` մեկ ամիսը բավարար չէ պրոֆեսիոնալ ներկայացում բեմադրելու համար: Թատրոնն ունի իր ծրագրերը, պատրաստվում ենք Ամանորի ներկայացմանը ու ցանկանում ենք բարձրորակ գործ անել:  Եթե գեղարվեստական ղեկավարի նշանակման գործընթացը ձգվեր երեք ամիս կամ ավել, ինչպես առաջարկվում էր, ապա կոլեկտիվը չէր կարողանա այդքան երկար մնալ օդում կախված վիճակում, հետևաբար ես նման որոշում կայացրեցի»,-փաստեց տնօրենը:

Նրա խոսքով` իր որոշմամբ ստորագրվել է հրաման, որի համաձայն թատրոնի  գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը: Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019 թվականի վերջ ժամկետով:

Դավթյանը ասաց, որ թատրոնի կոլեկտիվի մի մասը կողմ էր Սուրեն Շահվերդյանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակմանը, իսկ մյուս կողմը` Կարեն Ներսիսյանի:

Դավթյանը նշեց, որ Կարեն Ներսիսյանը Հայաստանում կլինի նոյեմբերի տասին և խոստացավ նրա մասնակցությամբ մամուլի ասուլիս կազմակերպել, որպեսզի լրագրողներն իրենց  հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ ստանան:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն էին առաջադրել նախկինում՝ Խաբարովսկի շրջանային դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ՝ Ռոբերտ Մանուկյանը (ՌԴ քաղաքացի), Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, բեմադրիչ՝ Վլադիմիր Գաբբեն (ՌԴ քաղաքացի), Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը (ՌԴ քաղաքացի), Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանը, ռեժիսոր-բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյանը: