«Հրապարակ» թերթը գրում է.
Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։ Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ․ Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին։
Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենսդրական նախագիծը։ Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի՞ ընդունել այդ կարեւոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին․ ըստ ամենայնի՝ այո։ Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է 53 ձայն։
Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչեւ նորընտիր պառլամենտի առաջին նիստը։ Չնայած մշտապես քվորումի խնդիր ունեցող պառլամենտն այդ ընթացքում, թերեւս, կմատնվի ամբողջական պարապուրդի։