Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույզում մանրամասներ ներկայացրեց Մանվել Գրիգորյանի գործից:

«Բազմիցս բարձրաձայնեցինք, որ  Մանվել Գրիգորյանը տառապում է տասնյակից ավել հիվանդություններով, հղում արեցինք անգամ քաղաքացիական հիվանդանոցների հեղինակավոր բժիշկների կածիքները, որ ոչ միայն կյանքին վտանգ է սպառնում, այլև հակացուցված է մեկուսացման պայմաններում կալանքը կրելը, բայց արդյունքում պետական լիազոր մարմինը գտավ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ուրեմն, պաշտոնապես հայտարարում եմ, հարգելի պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Դուք չեք տիրապետում իրավիճակին, խնդրում եմ հանձնարարեք կոմպետենտ անձի, որպեսզի ստուգի՝ երբ Մանվել Գրիգորյանը կալանքը կրում էր՝ ինչպիսի հիվանդություններով էր տառապում և կալանք կրելու ընթացքում ինչ հիվանդություններ են ավելացել։ Եթե պարզվեց, որ իմ փաստերը կեղծ են, ուրեմն ես ստախոս եմ։ Եթե պարզվեց, որ պետական լիազոր մարմինները ինչ-ինչ բաներից ելնելով, միգուցե Ձեր ցուցումներից նման տեղեկություններ են Ձեզ հայտնում, ուրեմն մեր երկրում արդարադատությունն այդ դրվագով կաղում է»,-ասաց Բաղդասարյանը։ 

 

Փաստաբանը նշեց, որ Փաշինյանը պետք է, հանձնարարի կոմպետենտ անձի, որպեսզի վերջինս ստուգի և նրան զեկուցի՝ արդյոք կա՞ն հիմքեր, որ Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրել։ 

«Եթե նման հիմքերը կան, ուրեմն ես, որպես փաստաբան, ստախոս եմ, եթե նման հիմքերը չկան, նշանակում է՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում, վերջինս գտնվում է պատանդի կարգավիճակում»,- նշեց փաստաբանը։ 

Փաստաբանի խոսքով՝ մեր երկրում ստացվում է, որ արդարադատությունը ընտրովի է քանի, որ բոլորը գրավի դիմաց ազատվեցին, իսկ երբ հերթը հասավ Մանվել Գրիգորյանին՝ մերժվեց։