ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որը հայտնի է Ջոնիկ անունով, երեկ 5 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել:

Նրա խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրել էր Հենրիկ Աբրահամյանի պաշտպանը, ինչն էլ դատարանը բավարարել է:

 

Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի, Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է՝ օգտագործվել է Երևանում՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:

Սակայն ավելի ուշ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, քանի որ փորձաքննությունը չի հաստատել այդ կապը։