Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մեկնարկեցին 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկումները։ Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հանգամանալից ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք նախատեսված են նախագծում։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ են առաջարկում այս տարի չկիրառել տեսանկարահանող սարքավորումները։ 

 

«Տեսանկարահանող սարքավորումները նախորդ ընտրությունների ժամանակ, իմ համոզմամբ,  ունեցան բավականին կարևոր նշանակություն, քանի որ դրանք ոչ միայն կանխարգելիչ բնույթ ունեն, այլև դրանց միջոցով կարողանում ենք հետագայում ունենալ ապացուցողական բազա։ Դուք առաջարկվող փոփոխություններով նախատեսում եք հանել անշարժ տեսախցիկների միջոցով իրականացվող նկարահանումները, բայց չէ՞ որ տեսանկարահանումը նաև պայքարում էր կուտակումների դեմ։ Մյուս կողմից՝ ընտրատարածքներից 50 մետր շառավղով նկարահանում իրականացնելը տալիս է հնարավորություն պատկերացում կազմել քաղաքացիների կուտակումների մասին, և այս առումով այն մշտադիտարկում անցկացնելու տարբերակ է»,- ասաց Կոստանյանը

Հարցին ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ընդունում է ֆիքսված տեսախցիկներով նկարահանում իրականացնելու մասին մտահոգությունը։

«Ֆիքսված նկարահանման մասին դրույթը կփոխվի ապացուցողական հետագա նշանակության համար։ Սակայն մենք չեն կարող ապահովել 50 մետր շառավղով տեսանկարահանումը, այն տեխնիկապես հնարավոր չի եղել իրականացնել ինչպես նախորդ տարվա ընտրություններին, այնպես էլ 2018 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին. գուցե դա կարելի է իրականացնել դրոնների միջոցով, սակայն դրա հնարավորությունը մենք չունենք, ձեր կողմից առաջարկված ֆիքսումն ընդունում ենք»,-ասաց Զեյնալյանը։ 

Կոստանյանը նշեց՝ ողջունելի է, որ Զեյնալյանն ընդունում է ստատիկությունը։