ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ պարոն Վարչապետ 

 

Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ:

Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև: Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել:

Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին»: