Հայաստանում վերջին ամիսներին բուռն զարգացումներ են տեղի ունենում քաղաքական խոհանոցում։ Հետհեղափոխական երկրում ամեն ինչ գլխիվայր շրջվեց. ամենահավատարիմները դավաճանեցին, տեղի ունեցան նշանակումներ, որոնք հասարակության շրջանում վրդովմունքի առիթ հանդիսացան, և բացի այդ՝ մայիսին ակնկալվող ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղափոխվեցին դեկտեմբեր և արդեն սկսվել են քննարկումները՝ թե որ քաղաքական ուժերը շանս ունեն Ազգային ժողով մտնելու։ Երկրում ստեղծված իրավիճակի, նախկին իշխանության հնարավորությունների, Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումների և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։
-Պարո՛ն Քոչարյան, նախկին իշխանություն ներկայացնող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ռեբրենդինգն ի՞նչ սկզբունքով կարող է լինել։
-Սկզբունքը կլինի հետևալը, որ վերջապես այդ կուսակցությունը շանս կունենա վերադառնալ իր ակունքներին։ Այսինքն՝ այնտեղ կմնան գաղափարական մարդիկ՝ քաղաքական, ինտելեկտուալ։ Բիզնեսից և կրիմինալից կձերբազատվեն։ Կմնան այն մարդիկ, որոնք երբևիցե երկիր թալանելու հետ կապ չեն ունեցել։
-Կմասնավորեցնե՞ք՝ որ քաղաքական գործիչների մասին է խոսքը:
-Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան․․․ Մարդիկ, որոնք երբևէ կրիմինալի և կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված չեն եղել։ Նրանք քաղաքական լուրջ դպրոց են անցել տարիներ շարունակ։ Լուրջ փորձ ունեն շփման՝ թե՛ ներքաղաքական, և թե՛ արտաքին քաղաքական։
- Ձեր նշած կազմով ինչպիսի՞ շանսեր կունենան նրանք այս ընտրություններում:
-Ինչ կազմով էլ ներկայանան՝ նրանց շանսերը կլինեն մինիմալ։
-Նիկոլ Փաշինյանի նշանակումները, մասնավորապես, վերջին՝ Սյունիքի մարզպետի նշանակումը հասարակության կողմից բուռն քննադատությունների առիթ հանդիսացավ։ Արդյոք այդ նշանակումները կարող են ազդել Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա և արդյո՞ք այդ նշանակումը «կադրային սովի» հետևանք էր։
-Երբ Նիկոլ Փաշինյանը նշանակում է երիտասարդ կադրեր, ասում են՝ անփորձ են, նշանակում է փորձառու կադրեր՝ ասում են՝ նախորդ իշխանությունների հետ պայմանավոված է։ Ինձ համար այդ նշանակումը իդեալական էր, քանի որ կոտրեց կարծրատիպը, թե պարտադիր պետք է ՔՊ-ից լինի կամ քայլած լինի։ Այնուամենայնիվ, գործադիրն ապագայում պետք է կազմակերպվի այնպես, որ յուրաքանչյուրն իր ոլորտում կարողանա հարց լուծել, Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այդ եզրահանգման։ Եթե մարդը փորձառու է՝ պետք է աշխատի՝ անկախ նրանից՝ աշխատել է նախկին իշխանությունների օրոք, թե՝ ոչ։ Ե՛վ նորերի մեջ, և՛ հների մեջ՝ կան շատ պրոֆեսիոնալներ։
-Դեկտեմբերին կայանալիք ընտրություններին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ինչքանո՞վ կօգնեն մնացած քաղաքական ուժերին՝ հայտնվելու խորհրդարանում:
-Էական չէ՝ ինչ Ընտրական օրենսգրքով կլինեն ընտրությունները։ Այսօրվա հասարակական տրամադրվածությունն այնպիսին է, որ ինչ օրենսգիրք էլ բերեն՝ ՔՊ-ն անցնելու է մեծ տարբերությամբ։ Սա շատ օբյետիվ է՝ հետհեղափոխական շրջանում այդպես է լինում։ Ինչ վերաբերում է միակուսակցական համակարգ ստեղծվելու մտավախությանը, հավատացեք՝ շատ արագ ՔՊ-ից կստեղծվի ընդդիմություն։ Ամենաուժեղ ընդդիմությունը ՔՊ-ի ներսից է ծնվելու, ինչպես դա եղավ 1991 թվականին, երբ ԱԺՄ-ն անջատվեց ՀՀՇ-ից, և երկար տարիներ Վազգեն Մանուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանի համար մեկ ընդդիմությունն էր։ Սա պատմությունն է ցույց տալիս։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին՝ պետք է փաստենք՝ այսօր քաղաքականության մեջ կա Նիկոլ Փաշինյան և ուրիշ ոչ ոք չկա։ Դա էլ Է հետհեղափոխական սինդրոմներից մեկը։
-Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները մայիսից դեկտեմբեր տեղափոխելու մտավախությունն էր, որ 5 ամիս անց չի ունենա այն վարկանիշը, որն այժմ է։
-Այնտեղ մի քանի խնդիր կար և այո՛, նաև դա։ Եթե քաղաքական գործիչը կարծում է՝ այսօր կարող է ավելի շատ ձայներ ստանալ քան 5 ամիս հետո, ինչո՞ւ չպետք է անի՝ եթե կա հասարակության նման աջակցություն։ Խնդիրն այն է նաև, որ պրոցեսներ սկսեցին ներքաղաքական. և՛ Քոչարյանի ակտիվությունը, և հոկտեմբերի 2-ին ԱԺ քվեարակությունը, և՛ քաղաքապետի ընտրությունների արդյունքները։
Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի