Քիչ առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարտուղար Վահան Կոստանյանը: Արդեն վաղվա հատուկ նիստում վարչապետի թեկնածուն կներկայանա խորհրդարանականներին։ 

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին լրանում է ժամկետը, որի ընթացքում խմբակցությունները կարող էին վարչապետի թեկնածու առաջադրել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, ԱԺ խմբակցությունները հոկտեմբերի 17-ից մինչև 23-ը՝ ժամը 18:00-ը, կարող էին առաջադրել վարչապետի իրենց թեկնածուներին:

Ըստ ԱԺ կանոնակարգի փոփոխության՝ թեկնածուների առաջադրման վերջին օրվա հաջորդ օրը հնարավոր կլինի նշանակել քվեարկություն: Հետևաբաև 24-ին կարող են քվեարկության օր նշանակել:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

 

Սոնա Հարությունյան