«Գոնե մեկ ուրիշին առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ։ Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը ժողովրդի մի զգալի հատվածի մոտ կարող է առաջացնել այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք, այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի` ինչ անի, որն է ճիշտ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը
Հարցին, թե իրենք կողմ կքվեարկե՞ն վարչապետի ընտրությանը, Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք չեն ուզում, որ որևէ պրոցես խաթարվի, մանավանդ այն դեպքում, երբ իրենք ինչ-որ բան համաձայնեցնում են, ուզում են, որ այդ ճանապարհը համաձայնեցված իրար հետ անցնեն։
Դիտարկմանը, թե ֆորսմաժորային իրավիճակներ բացառո՞ւմ է նա, Ռուստամյանը պատասխանեց, որ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվել է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումից հետո։
Ռուստամյանն ասաց, որ այնպիսի արհեստական իրավիճակ է ստեղծվել, որ չի կարող ասել, թե ինչ կստացվի։
Հարցին՝ թե ինչու Դաշնակցությունը չմիացավ ստորագրահավաքին, Ռուստամյանը պատասխանեց․ «Մենք համահեղինակություն չունեինք այդ նախագծի հետ. եթե ստորագրում ես` նշանակում է` համահեղինակ ես, իսկ եթե համահեղինակ ես` ապա քո ասածներից գոնե մի բան պետք է ընդունվի»։