Այսօր, Ազգային ժողովի նիստի ժամանակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց գտնել լուծումներ՝ արդարացնելու մարդկանց, որոնք հանիրավի հետապնդվել են իշխանությունների կողմից՝ քաղաքական դրդապատճառներով: Խոսքը Շանթ Հարությունյանի և Վանո Սիրադեղյանի մասին է։

«Ես հինգ ամիս է՝ Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ ինքը բանտից դուրս գա, սակայն վերջին անգամ ինձ բերել են գրություն, որում ինքն ասում է՝ ես դուրս չեմ գալիս ո′չ պայմանական վաղաժամկետով, ո′չ համաներումով, ո′չ ռեժիմը փոխելով, ո′չ էլ բաց կալանքով»,-այսպիսի պատասխան տվեց Փաշինյանը՝ Զուրաբյանին։ 

Փաշինյանը կատակով ասաց, որ նրան բանտից հանելու համար պետք է ուժային կառույցը մտնի և բանտից դուրս հանի։

Վարչապետի թեկնածուն հավելեց նաև, որ Շանթ Հարությունյանը արդարացի պահանջ է ներկայացնում, իսկ ո՞վ պետք է արդարացնի՝ եթե ոչ դատարանը։ Դրա համար նրա պաշտպանները պետք է համապատասխան հայցով դատարան դիմեն, ինչը որ իրենք մինչև այժմ չեն արել։