«Եթե մենք ինչ-որ բան անում ենք՝ անում ենք ակնհայտ: Մենք թաքուն, գաղտնի, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անի, որովհետև մեր քաղաքական ուժի կրեդոն է դա՝ եթե դու ճշմարիտ ես, բայց դա չի ընկալվում ուրիշների կողմից, միևնույնն է՝ դու այդ ճշմարտությունը պետք է ասես հանուն այն նպատակի, որը դու հետապնդում ես: Մենք հանրապետականների հետ ինչ-որ բաներ անելու ընդհանրապես խնդիր չունենք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի պատասխան տվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն հարցին, թե ինչու չեն մասնակցել «ԵԼՔ» և «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնած ստորագրահավաքին և արդյո՞ք հանրապետականների հետ սաբոտաժի են մասնակցում։ 

Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն մասնակցել ստորագրահավաքին այն պատճառով, որ եթե իրենք միանան՝ պետք է իրենց առաջարկներից գոնե մեկը ընդունվի, որպեսզի իրենք իրենց համարեն համահեղինակ, հակառակ պարագայում՝ միանալ առանց համահեղինակ լինելու՝ պարզապես իրենց համար անընդունելի է։