Համաշխարհային բանկն իր հերթական զեկույցն է ներկայացրել, որտեղ Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին ցուցանիշներն  այնքան էլ հուսադրող չեն։ Մասնավորապես նշվում է, որ թեև 2017թ Հայաստանի ՀՆԱ-ն  (համախառն ներքին արդյունք) 7,5 % աճ է գրանցել, այս տարվա համար կանխատեսվում է մինչև 5,3% աճ։ 

Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի անկումը բացատրում է մեր երկրի արտաքին և ներքին ռիսկերով, դրանք են Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների աճի տեմպերի նվազումը, ինչպես նաև  նոր իշխանությունների հակադրություններն ընդդիմության հետ ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ 

 

Տնտեսագետ Վարդան Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ներդրումների ապահովման համար ամենակարևոր խնդիրը ներքին կայունության ապահովումն է, սակայն այս պահի դրությամբ դա տեսանելի չէ արտաքին կապիտալի համար, քանի որ հետաքրքիր է, թե իրենց ներդրած գումարն ինչպես է աշխատելու։ Ըստ տնտեսագետի՝ դեռևս կրճատվելու է այդ ցուցանիշը։ 

«Իհարկե, հրաշքներ տեղի չեն ունենում, բայց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս 5-ամսյա ղեկավարման ժամանակաշրջանում հնարավոր էր ավելի բարվոք կառավարում իրականացնել։ Հետո նաև իր թիմն է նոր և չեն տիրապետում այդ լծակներին, ինչն էլ  անխուսափելի խնդիրներ է առաջացնում։ Նրանք դեռևս պետք է հարմարվեն իրավիճակին, ինչն էլ որոշակի ժամանակ է խլելու, եթե, իհարկե, նոր իշխանությունը պրոֆեսիոնալներ չի ներառում այդ համակարգում»,-մանրամասնեց Վարդան Խաչատրյանը։

Այն ճշտող հարցին, թե առանց արտաքին ռիսկերի նվազեցման և փոխարենը ներքին ռիսկերի կայունացման շնորհիվ հնարավո՞ր չէ վերականգնել ՀՆԱ-ի նախկին աճի տեմպերը, և եթե ոչ, ապա երբ կկարգավորվի, տնտեսագետը պատասխանեց․ «Այս տոկոսների մեջ կտրուկ աճ ապահովելը միայն հրաշք կլինի, առաջիկայում նման բան չի սպասվում։ Առնվազն մինչև եկող տարվա վերջ նոր կարելի է մտածել դրա մասին։ Քանի որ մինչ այդ պետք է կազմավորվի նոր կառավարություն և ադապտացվի իրավիճակին։ Համաշխարհային բանկի ենթատեքստն այն է, որ բացասական դինամիկա գոյություն ունի, իսկ վերջին հաշվով, եթե բացասական դինամիկան շարունակվի, սկսելու են խոսել արդեն մարդկանց սառնարանները»։