Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության վերաբերյալ արձագանքը «հիստերիա» է որակել:
«Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում շարունակվում է գործի վերաբերյալ հետաքննությունը, ամեն օր նոր ապացույցների վերաբերյալ հետաքննություն ենք իրականացնում: Մի քանի մարդիկ չարաշահել են իրենց լիազորությունները», - ասել է նախարարը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ՝ կոչ անելով լրատվամիջոցներին սպասել հետաքննության արդյունքներին, որը, ըստ Ջուբեյրի, ժամանակ է պահանջում:
Ադել ալ-Ջուբեյրը նաև ընդգծել է, որ անկախ տեղի ունեցածից՝ Սաուդյան Արաբիան «երկաթյա» հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և ի տարբերություն Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանի, երբ նրանց հարաբերություններում «դժվար ժամանակներ» էին, ներկայումս ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն իրենց երկրի հանդեպ գնահատում են որպես «ռացիոնալ և իրատեսական»: