Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը կարող են մի օր անսպասելի հայտնվել սիրիական Մանբիջում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք հայտնվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը հայտնել է նաև, որ Մանբիջի հետ կապված ծրագիրն արդեն քննարկված և հստակեցված է, և իրենք մոտ ապագայում կարող են գործողությունների անցնել:
Նախորդ շաբաթ Թուրքական ԶՈՒ-ն առաջին անգամ գնդակոծել է սիրիական Մանբիջում գտնվող քրդական դիրքերը:
Էրդողանի խոսնակ Իլնուր Չևիկը հայտարարել է, որ Էրդողանի հայտարարությունը զգուշացում է: Ըստ Էրդողանի խոսնակի՝ դա ԱՄՆ-ին ուղղված «բարեկամական ուղերձ» է, որը չի ստիպում քրդերին դուրս գալ այդ տարածքներից:
Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է նաև, որ Թուրքիան նման զգուշացում նախկինում արել է նաև սիրիական Աֆրինի պարագայում և անցել հստակ գործողությունների: Նա նշել է նաև, որ հիմա հերթը հասել է Եփրատի արևելյան ափին ու սիրիական Մանբիջին: