Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի խորհրդարանի կողմից Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ընտրությանը.
«Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011 թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, որին, սակայն, դեմ էր արտահայտվել այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատճառաբանելով Արտակի ֆիզիկական սահմանափակումները: Նալբանդյանը սկզբունքորեն մերժեց անգամ իր այդ որոշումը փոխելու կապակցությամբ երկու վարչապետերի՝ իմ և Տիգրան Սարգսյանի խնդրանքները:
Այդ ամենը, իհարկե, չխանգարեց Արտակին ավելի որակյալ կրթություն ստանալու Լոնդոնի Համալսարանական քոլեջում, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության ամերիկյան դպրոցում և այլուր:
ԱՀ վարչապետի օգնական աշխատելու տարիներին Արտակը որոշեց դատարանի միջոցով վիճարկել Նալբանդյանի այդ որոշումը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Օբյեկտիվ պատճառներով ես նրան խնդրեցի գործի կեսից դատական պրոցեսը չշարունակել, բայց խնդիրը մարդկային առումով շարունակ մտահոգում էր ինձ: Եվ այսօր Արտակի արձանագրած հաջողությունների կապակցությամբ չեմ կարող չհայտնել ուրախությունս և, դիմելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, ասել, որ չնայած Ձեր սխալ որոշմամբ Արտակ Բեգլարյանը զրկվեց դիվանագիտական դպրոցում կրթություն ստանալու իրավունքից, դա չխանգարեց, որ նա այսօր ներքին և միջազգային հարթակներում պաշտպանի արցախցիների իրավունքներն ու շահերը՝ որպես ԱՀ մարդու իրավունքների պաշտպան:
Թեմայի վերաբերյալ կա ևս մի գաղտնիք, որի մասին կխոսեմ տարիներ անց:
Արտա՛կ, նայում եմ քեզ ու հիանում քո ամուր կամքով, կյանքի հանդեպ քո ունեցած սիրով՝ չնայած, որ այն շատ դաժան է գտնվել քո նկատմամբ: Վաղ հասակում պատերազմի դաշտում կորցրել ես հորդ՝ իմ մարտական ընկերոջը, այնուհետև այդ չարաբաստիկ ռումբի պայթյունը, որ քեզնից խլեց տեսողությունդ, ապա և մայրիկիդ կորուստը… Մանկահասակ երեխայի համար արդյո ՞ք շատ չէին կյանքի այսօրինակ դառը հարվածները: Բայց քո տոկունությունը ավելի ամուր եղավ այդ պայքարում, և դու հաղթեցիր:
Արտա՛կ ջան, ընդունի ՛ր ջերմ շնորհավորանքներս այդ նոր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ՝ քո աշխատասիրությամբ և ունեցած մեծ պատասխանատվությամբ դեռ մեծ բարձունքներ ես նվաճելու հանուն արցախցիների իրավունքների և շահերի»,- ասված է գրառման մեջ: